Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԷՑ-ը տուգանվեց՝ հաշվիչների շեղումների համար (տեսանյութ)

Տնտեսություն
hec

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 5 միլիոն դրամով տուգանվեց՝ սպառողների իրավունքներն ու շահերը ոտնահարելու համար։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր այս որոշումը հիմնավորեց հանգամանքով, որ ընկերությունը պարտավոր լինելով տարին 1 անգամ ստուգել և ճշգրտել քաղաքացիների էլեկտրոնային հաշվիչները, չի կատարել այդ պարտականությունը։ Եվ չնայած ՀԷՑ-ի խոստմանը, թե մինչև 2015 թվականի դեկտեմբեր իրենք վերջնականապես կճշգրտեն  հաշվիչները, արդեն այս տարվա փետրվարին ՀԾԿՀ-ն բողոքներ է ստացել հաշվիչների ժամային շեղումների վերաբերյալ, ինչի հետևանքով բնակիչները դրամական վնասներ են կրել։ Այս հարցով ՀԾԿՀ-ին դիմած ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը տվյալներ չունի, թե հաշվիչների սխալ աշխատանքի պատճառով որքան գումարի վնաս է հասցվել քաղաքացիներին. «Դրա համար պետք է մոնիթորինգ անցկացնել և հաշվարկներ կատարել, այդ հնարավորությունն ունի հանձնաժողովը»։ Ըստ պատգամավորի՝ բազմաթիվ են բողոքներն այն մասին, որ փակ, չբնակեցվող բնակարանների «հաշվիչները ևս պտտվում են», այսինքն՝ փաստացի որևէ մեկն այդտեղ չի բնակվում, սակայն էլեկտրաէներգիայի ծախս է հաշվարկվում. «Տեսուչների ինստիտուտը Հայաստանում շատ խնդրահարույց  է, և սպասվում է, որ նոր հաշվիչներով պետք է մարդկային գործոնը հանվի»։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը խուսափեց հստակ պատասխանել՝ արդյո՞ք հնարավոր չէ, որ էլեկտրական հաշվիչների ժամացույցները միտումնավոր կերպով խախտված լինեն՝ քաղաքացիներից հավելյալ գումարներ գանձելու նպատակով։ «Հավատացած եմ, որ դա չի կարող երբևիցե որևէ անձի միջամտության խնդիր լինել»,- նշեց նա։ Նշենք, որ խոսքը նոր հաշվիչների մասին է, որոնք կփոխարինեն առկա հաշվիչներին։ Առաջիկայում այդպիսի հաշվիչներ կունենան Երևանի Էրեբունի համայնքի, Արմավիրի մարզի մի շարք համայնքների բնակիչներ։ Ի դեպ, այն քաղաքացիները, որոնք կցանկանան փոխհատուցում ստանալ իրենց հասցված վնասի համար, կարող են դիմել դատարան։ Կա մեկ այլ ճանապարհ ևս՝ դիմում ներկայացնել ՀԾԿՀ՝ առաջարկելով ստուգել հաշվիչների աշխատանքը, և խախտումներ բացահայտվելու դեպքում փոխհատուցում ստանալ ՀԷՑ-ից։