Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԱՀԿ «եռյակը» կոչ է արել կողմերին վերջ դնել բոլոր տեսակի բռնություններին

Քաղաքականություն
231756

ԵԱՀԿ գործող նախագահ,  Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ապրիլի 12-ին Բեռլինում ընդունել է Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչին, Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցին, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին: ԵԱՀԿ «եռյակի» անդամները քննարկել են վերջին զարգացումները ԵԱՀԿ տարածաշրջանում, այդ թվում՝ իրավիճակը Ուկրաինայում եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Նրանք նաեւ քննարկել են միգրացիային, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր: Քննարկման ընթացքում կարեւորվել է ԵԱՀԿ-ի` որպես տարածաշրջանային անվտանգության կազմակերպության, կարեւոր դերը: Ղարաբաղյան հակամարտության  վերջին սրացումների հետ կապված,  ԵԱՀԿ «եռյակի»անդամները կոչ են արել կողմերին վերջ դնել բոլոր տեսակի բռնություններին, խստագույնս պահպանել հրադադարի ռեժիմը՝ միաժամանակ ընդգծելով, որ  հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Նրանք ընդգծել են նաեւ հակամարտության գոտում լարվածության թուլացման ու քաղաքական գործընթացին վերադառնալու անհրաժեշտությունը: Միաժամանակ, «եռյակի»անդամները ողջունել են Մինսկի խմբի ապրիլի 5-ի հայտարարությունը եւ ընդգծել  իրենց շարունակական աջակցությունը Մինսկի խմբի համանախագահներին: Նրանք կշարունակեն ուշադիր հետեւել հակամարտության գոտու զարգացումներին եւ կխթանեն քաղաքական գործընթացը: «Եռյակը» նաեւ դատապարտել է Անկարայի, Բրյուսելի, Ստամբուլի, Փարիզի ահաբեկչությունները եւ ընդգծել այն կարեւոր դերը, որ ԵԱՀԿ-ն կարող է խաղալ ահաբեկչության եւ բռնի ծայրահեղականության դեմ պայքարում.