Քաղաքացիների համար գազի գինը դեռևս չի նվազի
ԵՄ անդամ երկրների ցանկում Գերմանիան առևտրաշրջանառության առումով Հայաստանի խոշորագույն գործընկերն է։ Այս մասին այսօր հայտարարվեց մեր երկրում Գերմանական տնտեսական միավորման հիմնման առիթով հրավիրված ասուլիսի ժամանակ։ Միավորման նպատակն է Հայաստանում ինքնուրույնաբար և անդամակցային հիմունքներով գործող կազմակերպության միջոցով գերմանական տնտեսության շահերը պետական մարմիններում ներկայացնելը և երկկողմ առևտրի խթանումը։ «Անցյալ տարի էլ առևտրաշրջանառության աճ է գրանցվել մեր երկու երկրների միջև։ Բայց կարծում եմ՝ պոտենցիալը սպառված չէ»,-նշեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը։ Նրա համոզմամբ՝ զարգացման լայն հնարավորություններ կան գյուղատնտեսության, տեքստիլի և այլ ոլորտներում։ «Լիահույս եմ, որ Հայաստանի կառավարությունը կարող է հստակ նշել ուղղությունները, որոնք կարելի է զարգացնել»,-շեշտեց նա։ Բացի այդ, նա ընդգծեց, որ Գերմանիայում տնտեսության ողնաշարը կազմում են փոքր ու միջին ձեռնարկությունները։ Պարոն Քիսլերը կարծում է, որ Հայաստանի մեկուսացված աշխարհաքաղաքական դիրքը խոչընդոտներ է ստեղծում տնտեսության համար։ «Ցանկալի կլիներ, որ Հայաստանը լավ հարաբերություններ ունենար իր բոլոր հարևանների հետ»։ «Միավորման գործունեությունն ուղղվելու է թե գերմանական, թե հայկական գործարար կապերի ամրապնդմանը»,-իր հերթին ասաց Գերմանական տնտեսական միավորման վարչության նախագահ Հասնի Կոսեյանը։ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն էլ հույս հայտնեց, որ Գերմանական տնտեսական միավորումը կնպաստի ներդրումային միջավայրի բարելավմանը։ Իսկ Ռուսաստանի կողմից սահմանին գազի գնի իջեցման վերաբերյալ նախարարը նշեց. «Չեմ կարող դա համարել էական նպաստ մեր տնտեսության մեջ։ Մենք պետք է գազի և այլ հումքային ապրանքների մասով Ռուսաստանի հետ անցում կատարենք միարժութային վճարման։ Այդ մասին հնչեցրել է մեր վարչապետը, և ցավում եմ, որ դեռ չունենք լիարժեք պատասխան մյուս կողմից։ Բայց կարծում եմ՝ մենք պետք է այլընտրանքային էներգիայի աղբյուրներ որոնել»։ Արդյո՞ք քաղաքացիների համար գազի գինը կնվազի. «Այդ հարցն իմ իրավասություններից դուրս է։ Նման իրավասություն վերապահված է հանրային ծառայությունները կարգավորող մարմնին։ Եվ այս պահին ինձ հայտնի չէ տեղեկություն, որ վերանայման հայտ է ներկայացվել»,-եզրափակեց նա։