Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետք է Ադրբեջանին պարտադրել զինադադարի նոր պայմաններ» (տեսանյութ)

Քաղաքականություն
manvel-2

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորքերի տեղակայման մասին հայտարարությունները քաղաքագետ Մանվել Սարգսյանը համարում է մակերեսային բանավեճ: «Խաղաղապահ զորքերը լինում են այնտեղ, որտեղ քաղաքական որոշում կա, եւ նրանք այդ որոշումն ապահովում են: Հիմա՝ ի՞նչ որոշում գոյություն ունի այստեղ”,- «Ա1+»-ի հետ զրուցում ասաց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը: Սերժ Սարգսյանը գերմանական «Դոչե Վելլ» հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ ՀՀ-ն երբեք դեմ չի եղել խաղաղապահ զորքերի տեղակայմանը, սակայն հակամարտությունը պետք է ամբողջությամբ եւ վերջնականապես լուծվի։ «Ասում է՝ Ադրբեջանը չի ուզում. Ադրբեջանն ինչո՞ւ պետք է ուզենա. նրան զենք են տվել՝ կուզենա կկրակի, կուզենա՝ ոչ: Իմաստը ո՞րն է. միգուցե իմաստ չկա,- նկատում է Մանվել Սարգսյանը: Ըստ քաղաքագետի՝ նրանք, որոնք կողմ են խաղաղապահ զորքերի տեղակայմանը, պետք է պատճառաբանեն՝ ինչո՞ւ: Քաղաքագետի կարծիքով՝ ժամանակն է փոխելու քաղաքականությունը, օրինակ՝ Ադրբեջանին պարտադրելու համար զինադադարի նոր պայմաններ. «Այո, Ադրբեջանին պետք է պարտադրել, որ ԼՂՀ հետ զինադադար կնքի: Սա քաղաքականություն է, որի համար կարելի է նաեւ զոհեր տալ, եւ պատերազմել, եւ դիվանագիտություն վարել: Պիտի քաղաքական գիծ լինի, որ հասկանաս՝ փոխվում է ամեն ինչ: Եթե ստիպենք ԼՂՀ հետ Ադրբեջանը պայմանագիր կնքի, արդեն ստեղծվելու է լրիվ ուրիշ վիճակ, ուրիշ երաշխիքներով: Դա Ադրբեջանի կողմից ԼՂՀ ճանաչումն է»: