Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայկական կողմը ադրբեջանցի ռազմագերի չունի» (տեսանյութ)

Քաղաքականություն
larisa

«Հայկական կողմը ողջ ադրբեջանցի գերիներ չունի». այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքով՝ հայկական ուժերը խնդիր չեն ունեցել գերի վերցնելու, այլ պաշտպանվելու եւ թույլ չտալու, որ թշնամին առաջ անցնի: «Աշխատանքները գերիների եւ անհայտ կորածների որոնման, հանձնման ուղղությամբ, որոնք պետք է արվեն, պատկան մարմինները վերին աստիճանի բարձր մակարդակով անում են: Ադրբեջանը Կարմիր խաչի հետ համագործակցության համար շահ ունի, քանի որ դիակներ ունի մեզ մոտ»,-նշեց նա՝ հավելելով, որ տվյալներ առայժմ չունեն, թե ադրբեջանական կողմը հայ ռազմագերի վերցրե՞լ է, թե՞ ոչ: «Եթե մենք այդ տվյալներն ունենայինք, այսօր չէինք հայտարարի, որ 25 անհայտ կորած զինվոր ունենք»: Տիկին Ալավերդյանը նոր է վերադարձել Արցախից եւ այն, ինչ տեսել է այնտեղ, պարզապես հակասում է քաղաքակրթության հիմքերին: «Մեր աչքերի առջեւ բացվեց այնպիսի մի պատկեր, որը դժվար է համեմատել 1992 թվականի հետ, քանի որ 1992 թվականը միանգամից չէր վրա հասել: Այդ ժամանակ ունեինք շարունակական պատերազմ, իսկ այսօր ունենք բոլորովին այլ պատկեր: Թշնամին փորձել է միանգամից լուծել մի քանի հարցեր՝ հետախուզական, ունեցել է նաեւ հաղթելու, խուճապ առաջացնելու եւ Արցախը հայաթափելու ցանկություն»,-ասաց նա: Լարիսա Ալավերդյանի խոսքով, այն, ինչ ադրբեջանցիներն արել են Արցախի խաղաղ բնակչության հանդեպ, ոչ միայն մարդկության հանդեպ քրեորեն պատժելի հանցագործություն է, այլեւ Ժնեւյան կոնվենցիաների հիմնական հոդվածների հակադրում. «Ադրբեջանն իրեն պահում է որպես ահաբեկչական խումբ, նրան կարող ենք համեմատել Իսլամական պետության հետ: Պետք է միջազգայնորեն խստիվ դնել այդ հարցը, դիմել միջազգային բոլոր ատյաններին»: