«Ամեն մի դեմ տված թուղթ չվավերացնենք» (տեսանյութ)
ԱԺ-ն այսօր քննարկում է 2007թ. հոկտեմբերի 5-ին Դուշանբեում ստորագրված «Արտաքին սահմաններում ճգնաժամային իրավիճակների առաջացման եւ կարգավորման (վերացման) ժամանակ օգնության ցուցաբերման հարցում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների սահմանապահ եւ այլ գերատեսչությունների՝ փոխգործակցության կազմակերպման կանոնակարգի հաստատման մասին» արձանագրությունը: ԱԺ-ում այն ներկայացնում է ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանը: «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը, նրան հարց ուղղելով, հետաքրքրվեց՝ ամիսներ առաջ հանձնաժողովում քննարկել ենք այս նախագիծը. «Դուք տեղեկանք եք ներկայացրել ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի ստորագրութամբ: Այս արձանագրության մեջ ներառված են Բելառուսը, Ղազախստանը, ՌԴ-ն ու Ղըրղզստանը, նրանցից որեւէ մեկը չի վավերացրել: Հիմա դուք չորսամյա վաղեմության տեղեկանք եք բերել, որ միայն Ուկրաինան է ստորագրել: Սա վիրավորական է. մեր սահմանը հիմա ռմբակոծվում է ստորագրածների կողմից, Ղազախստանը հրաժարվում է գալ Երեւան՝ քննարկման: Սպասեք խաղաղ կարգավորում լինի, որ տեսնենք՝ մեր բարեկամները ինչպես են իրենց պահում: Ի՞նչ պատգամ ենք այսպիսով ուղարկում. անգամ Սերժ Սարգսյանն ասաց, որ մենք մտահոգ ենք, որ ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին: Ասածս ինչ է՝ ամեն մի դեմ տված թուղթ չվավերացնենք: Տասնմեկ երկիր կա արձանագրության մեջ, սակայն վավերացրել են այս ընթացքում ընդամենը երեքը, հիմա մենք ուզում ենք չորրո՞րդը լինել»: Արզուման Հարությունյանը վստահեցրեց, որ շփման գծում վերջին դեպքերը որեւէ առնչություն չունեն այս արձանագրության հետ. «ԱԱԾ հանձնաժողովի կողմից է քննարկվել այս արձանագրությունը, ես տեղյակ չեմ: Այս հարցը հրատապություն է պահանջում, որ նշված արձանագրություններով սահմանված դրույթներից օգտվենք»: Ալեքսան Արզումանյանը նշեց, որ ինքը չի մեղադրում ԱԱԾ պետի տեղակալին, այլ ԱԺ ղեկավարությունն այս նրբանկատությունը չի նկատել. «Տասը տարի չենք վավերացրել այս արձանագրությունը, կարող էինք մի կես տարի էլ չվավերացնել, որ տեսնենք մեր բարեկամները ինչ մտադրություններ ունեն այս գործողությունների ֆոնին»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արձագանքեց՝ ասելով. «Մեզ ուղղված մեղադրանքներին ասեմ՝ մենք առայժմ ընդամենը քննարկում ենք ու մենք պակաս մտահոգված չենք շփման գծով: Եկեք այս օրերին ընդդիմության ու ղեկավարության չբաժանվենք. մենք պետք է քննարկենք, իսկ քվեարկության մասին կխոսենք, երբ կգա ժամանակը: Այս հարցի քննարկումը այս պահին շատ կարեւոր է»: Խաչատուր Քոքոբելյանն էլ նկատեց, որ արձանագրության մեջ հստակ գրված է, որ ճգնաժամային դեպքերում սահմանապահ զորքերի համագործակցություն, է լինելու. «Սակայն այս արձանագրության մեջ ընդգրկված են Ադրբեջանը, Մոլդովան, Թուրքմենիան, Ղազախստանը: Սա վավերացման դեպքում որեւիցե նոր պարտավորություն առաջանալո՞ւ է Ղազախստանի դեպքում, օրինակ»: Արզուման Հարությունյանը նշեց, որ սահմանապահ զորքերի ղեկավարներին կից գործելու է խմբավորում, որին մասնակից երկրները օգնություն են ցուցաբերելու. «Կա միայն վերապահում Բելառուսի կողմից, որ իրենք մարդկային ռեսուրսներ չեն տրամադրելու, միայն ֆինանսական»: Խաչատուր Քոքոբելյանը նաեւ հետաքրքրվեց ՀԱՊԿ-ի մասին. «Մեզ համար դա ձեւական կառույց է ու մարտահրավեր, այլ ոչ թե անվտանգության երաշխավոր»: «Կարծում եմ՝ այո»,- արձագանքեց Արզուման Հարությունյանը: