ՀՀԿ-ականներն անցան միմյանց փոխարեն քվեարկելու ավանդույթին (տեսանյութ)
ԱԺ այսօրվա նիստում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհավորեց մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ՝ ասելով. «Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է մայրության տոնը: Խոնարհվում ենք հայ մոր առջեւ: Շփման գծում այս օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ որդիներով պետք է ճանաչել մայրերին, ազգի ճակատագիրը պետք է փնտրել մեր մայրերի մեջ: Մենք հայրենապաշտ մայրեր ունենք, որ առյուծ որդիներ կարող են դաստիարակել: Մենք՝ պատգամավորներս, եւս պետք է առողջ դատողություն ունենանք, որ արդար ու միասնական ծառայենք հայոց մայրերին»: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն իր կողմից ավելացրեց, որ այսօր առաջին մաղթանքը մեկն է՝ խաղաղություն, որը ոչ թե խնդրում ենք, այլ պարտադրում ենք, որի իրավասությունը տվել է մեր բանակը. «ԱԺ կին ու տղամարդ պատգամավորների անունից մեծարումի խոսք եմ ուզում բարձրացնել մեր հերոս մայրերին, կանաց, սիրած աղջիկներին: Մենք խոնարհվում ենք ձեր առջեւ: Ուզում ենք, որ խաղաղությունը վերջնական լինեն, երջանիկ մայրություն լինի, միաբանվենք հանուն խաղաղության՝ ապահովելով մեր երեխաներին անհոգ մանկություն, հոգ տանենք ու աջակցենք մեր ծերերին: Դա մեր ու մեր պետության պարտքն է, ու մենք անելու ենք ամեն հնարավորն ու անհնարինը»: Անցնելով նախորդ օրերին քննարկված նախագծերի քվեարկությանը՝ 48 կողմ, 30 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագիր» 21 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկային համաձայնագիրը: Այս անգամ եւս ՀՀԿ պատգամավորները շարունակեցին իրենց գործելակերպը՝ քվեարկելով իրենց բացակա գործընկերների փոխարեն: Նրանք էին Ալեքսան Պետրոսյանը, Սուքիաս Ավետիսյանը, որն, ի դեպ, Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի անդամ է: Այս պահին հանձնաժողովի օրակարգում է միմյանց փոխարեն քվեարկող պատգամավորների վարքագիծը ուսումնասիրելու դիմումը: