ԱՀՀ-ն կոչ է անում ԱՄՆ-ին՝ վերականգնել 907 բանաձևի կիրարկումը
Ամերիկայի Հայկական Համագումարը կոչ է անում ԱՄՆ-ին վերականգնել 907 բանաձեվի կիրարկումն ի պատասխան ադրբեջանական ռազմական հարձակումների Ադրբեջանն ու Թուրքիան պատասխանատու են արյունահեղության համար Վաշինգտոն – Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիին հղված Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) նամակում համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը հայտարարել են, որ Ադրբեջանին չի կարելի վստահել և վերջինս պետք է պատասխանատվության ենթարկվի մարդու իրավունքների աղաղակող խախտումների համար»: «Նախագահներ Ալիևը և Էրդողանը մեծագույն պատասխանատություն են կրում արյունահեղության և արդարացի խաղաղության չհասնելու համար»,- ևս նշվում էր Համագումարի նամակում: Համագումարը կոչ է անում լիովին կիրարկել Ազատության աջակցության ակտի 907 բանաձևը: «ԱՄՆ-ի կողմից որևէ օժանդակությունը չի կարող տրամադրվել Ադրբեջանին եթե և մինչև վերջինս չդադարեցնի բոլոր ռազմական գործողությունները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ և չհամաձայնի խնդրի խաղաղ և արդարացի ճանապարհով կարգավորման հետ: Նվազագույնը սա չկատարելու դեպքում հետագա սրման և լայնածավալ պատերազմի վտանգ է առաջանում», - ընդգծել են Բարսամյանը և Գրիգորյանը: «Ամերիկայի հայկական համագումարը լիովին սատարում է Հայաստանի և Արցախի իշխանություններին և ինքնապաշտպանության նրանց իրավունքը, մինչ նրանք դիմակայում են Ադրբեջանի կողմից այս լայնածավալ և աննախադեպ հարձակմանը», - ասել են Բարսամյանը և Գրիգորյանը: «Մենք նաև լիովին ընդունում ենք ԵԱՀԿ երկրների դեսպաններին ուղղված նախագահ Սարգսյանի երեկվա հայտարարությունը»: Պետքարտուղար Քերրիին հղված Համագումարի նամակում նաև կարևորվել է ԱՄՆ կողմից իրական և արդյունավետ գործողությունների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացի ամրապնդման անհրաժեշտությունը: «Ներկա իրավիճակը պահանջում է շատ ավելին, քան դատապարտում. անհրաժեշտ է ԱՄՆ-ի կողմից հզոր և անհապաղ արձագանք` այս սցենարը դադարեցնելու համար»,- նշվում էր Համագումարի նամակում: Բացի այդ, Համագումարը մատնանշել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը «պետք է վերադառնա իր տեղին՝ որպես Մինսկի գործընթացում բանակցող կողմ և վերջինիս պաշտոնյաներին թույլատրվի ազատ ճանապարհորդել Վաշինգտոն և այլ երկրներ»: Բարսամյանը և Գրիգորյանը հայտարարել են, որ Հայաստանը և Ղարաբաղն «արժանի են մեր լիակատար աջակցությանը՝ նրանց ինքնապաշտպանության հարցում» և հիշեցրել են նախագահ Օբամայի խոստումը՝ պայքարել հանուն «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն և երկարատև կարգավորման, որն ընդունելի է բոլոր կողմերի համար և հիմնված է Ամերիկայի՝ ժողովրդավարության և ինքնորոշման սկզբունքներին հիմնարար հավատարմության վրա»: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իրավունք ունի պաշտպանելու իր քաղաքացիներին և ապրելու անկախ՝ չենթարկվելով Ադրբեջանի բռնապետությանը», - նշված է Համագումարի նամակում: Այսօր ավելի վաղ, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները հայտարարել էին ռազմական գործողությունների դադարեցման մասին, և Ամերիկայի հայկական համագումարը հույս ունի, որ զինադադարը տևական կլինի: