Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արդեն վարկերը բիրիքո՞վ եք բերում ԱԺ» (տեսանյութ)

Քաղաքականություն
aj3

ԱԺ-ում այսօր «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» օրենքներում փոփոխություններ, լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը, երբ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը դիտողություններ արեց ու առաջարկություններ, ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանն ու արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալն իրենց դիտողությունները տեղափոխեցին անձնական դաշտ՝ քննադատելով Գագիկ Ջհանգիրյանին: Արդեն մյուս նախագծի քննարկմանը՝ պրոբացիոն համակարգի ներդրման մասին, Գագիկ Ջհանգիրյանը ելույթ ունեցավ ու անդրադարձավ իրեն ուղղված քննադատությանն ու, ըստ էության, վիրավորանքներին. «Ես ուզում եմ անդրադառնալ ելույթ ունեցած այդ երկու սուբյեկտներին՝ ես որեւէ անձի դեմ ելույթ չեմ ունենում, այլ նախանշում եմ նախագծի թերությունները: Տարբեր մասնագիտական ու քաշային կատեգորիաներում գտնվելով՝ ես չեմ ցանկանում բանավիճել նրանց հետ ոչ զինվորական, ոչ էլ իրավաբանական հարթություններում: Ընդամենը պետք է հիշել զինվորական այբուբենը՝ ստորադասը ենթարկվում է վերադասին: Եթե հիմա փրկարարները չեն ենթարկվելու հրամանին, այդ զինված ուժերի գլխավոր շտաբն ինչպե՞ս է կառավարելու շտաբը: Բա կարելի՞ է այս տարրական խնդիրը չդարձնել խնդրի առարկա»: ԱԺ-ն քննարկեց նաեւ ՀՀ եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2015թ. նոյեմբերին ստորագրված  «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը: Այն ներկայացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Համաձայնագրով 25 տարի ժամկետով ՀՀ-ին է տրամադրվում 21 մլն ԱՄՆ դոլար, որից 7 մլն դոլարը կհատկացվի տեղեկատվական բազայի ստեղծմանը, որը հնարավորություն կտա ամբողջովին արտացոլել պետության պարտավորություններն ու ակտիվները: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նկատեց՝ ինչքա՞ն կարելի է վարկ վերցնել. «Վարկերը երկրաչափական, այլ ոչ թե թվաբանական պրոգրեսիայով են աճում:  Չկա բնագավառ, որ վարկի կարիք չունենանք, սակայն մեր պարտքի բեռը ՀՆԱ-ի տեսանկյունից անցել ենք: Արդեն վարկերը բիրիքո՞վ եք բերում ԱԺ: Գիտեք, որ ԱԺ-ում անցնելու են այդ վարկային համաձայնագրերը, սակայն ի վերջո ո՞վ է պատասխանատվությունը վերցնելու իր վրա: Դեռ ինչքա՞ն կարող ենք վերցնել վարկեր, որ ՀՆԱ-ի հիսուն տոկոսը պաշտոնական անցնենք ու հասնենք կարմիր գծին»: Վախթանգ Միրումյանը հայտարարեց, որ այս վարկն ընդամենը առաջին երկու վարկային ծրագրերի տրամաբանական շարունակությունն է. «Այնքան ենք վերցնում վարկ, որ պետական պարտքը կառավարելի լինի: Ձեր նշած այդ կարմիր գիծը չենք հատում: Մենք որեւէ գնահատական չենք կարող ասել, քանի դեռ չունենք այս տարվա ՀՆԱ-ի ցուցանիշը, մակարդակը»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւս հայտարարեց, որ ինքը եւս համաձայն է՝ մեր երկիրը հատկապես այս իրավիճակում չի կարող նման շռայլություն թույլ տալ: