Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՊՆ-ն կատարում է ԱԳՆ-ի գործառույթներ» (տեսանյութ)

Քաղաքականություն
qnnarkum-nkar

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը շեշտում է, որ ԼՂՀ ՊԲ-ն հավատարիմ է միջազգային հումանիտար իրավունքի բոլոր պահանջներին, չի ռմբակոծում խաղաղ բնակչությանն, ի տարբերություն Ադրբեջանի։ Իսկ կրակի դադարեցման կապակցությամբ նշեց. «Կարմիր խաչն է միջնորդել, որովհետև բազմաթիվ դիակներ ն կան այն տարածքում, որը ետ է վերցվել ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից։ Եվ հնարավորություն է տրվում, որ ադրբեջանական կողմը ետ վերցնի իր դիակները»։ Ինչ վերաբերում է զինադադարի մասին նոր պայմանագրի ստորագրման հնարավորությանը, պարոն Արզումանյանը շեշտեց, որ դա այժմ անընդունելի է. «Զինադադարը ստորագրվել է 1994 թվականին՝ երեք կողմերի միջև։ Ադրբեջանը խախտել է այն, պատասխանը ստացել է։ Կամ պետք է վերադառնա, առաջնորդվի այդ պայմանագրով, կամ պետք է դիմի ԼՂՀ իշխանություններին՝ նոր պայմանագիր ստորագրի Ղարաբաղի և Ադրբեջանի միջև»։ Նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը նույնպես կիսում է այդ կարծիքը. «Զինադադարի նոր պայմանագիրը պետք է ստորագրվի ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև միայն։ Հայաստանն այստեղ անելիք չունի»։ Պարոն Փափազյանը վստահ է, որ բանակցությունները կվերսկսվեն, սակայն դժվար է այժմ ասել՝ երբ։ «Ա1+»-ի հարցին, թե որքանով է այս շրջանում ադեկվատ Արտգործնախարարության գործելաոճը, արդյո՞ք անհրաժեշտ չէր այլ երկրների ու միջազգային կառույցների հետ ավելի ակտիվ աշխատել, պարոն Փափազյանն ասաց. «Արտաքին քաղաքականության մեջ մի քանի շերտ կա։ Հիմա մենք տեսնում ենք միայն արտաքին շերտը և դժվար է դրանով եզրակացություն անել։ Գուցե անում են շատ բան, բայց մենք տեղյակ չենք»։ Ալեքսանդր Արզումանյանն էլ ավելացրեց. «Մի բան է զարմացնում. տեղեկատվական աջակցություն չի ստանում մեր բանակը։ Սա առաջին դեպքը չի։ Մեր Պաշտպանության նախարարությունը նախաձեռնում է հուշագրերի ստորագրում տարբեր դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, հրավիրում է դեսպանների։ Այսինքն, կատարում է գործառույթներ, որ պետք է իրականացներ ԱԳՆ-ն։ Ճիշտ կլիներ, որ Արտգործնախարարությունը մամուլի կենտրոն բացած լիներ, աշխատեր 24-ժամյա ռեժիմով։ Այն տեղեկատվությունը, որ տալիս է ՊՆ-ն, տարածվեր ԱԳՆ-ի կողմից։ Տրամադրեր դա միջազգային լրագրողներին, ապահովեր նրանց մեկնումը Ղարաբաղ, տարբեր տեղեր նկարահանումներ կատարելն, ինչպես դա անում է Ադրբեջանը։ Եվ այս ինֆորմացիան, որ ունենք, տարածեր տասնյակ լեզուներով աշխարհում։ Սա կլիներ բաց գործունեություն»։ Իսկ ԼՂՀ-ն Հայաստանի կողմից ճանաչելու հարցի շուրջ պատգամավորը կարծիք հայտնեց, որ այժմ դրա ժամանակը չէ. «Դա այս պահին բխում է Ադրբեջանի շահերից»։