2 զինվոր վիրահատվել է Գորիսում
Գորիսի Բժշկական կենտրոնն արդեն երրորդ օրն է, ինչ աշխատում է շուրջօրյա ռեժիմով: Կենտրոնն այս օրերին համալրվել է հանրապետության այլ բուժհաստատությունների մասնագետներով, ապահովված է անհրաժեշտ դեղամիջոցներով: Ապրիլի 4-ի ժամը 12:00-ի դրությամբ, կենտրոնն ընդունել է 2 վիրավոր, ովքեր վիրահատվել են: Նարեկը, ով Վաղարշապատից է, հրազենային վնասվածք է ստացել Ջաբրաիլում՝ թշնամու տանկը ոչնչացնելու գործողությունների ընթացքում: Չնայած դեռևս չի քայլում, սակայն ասում է, որ ապաքինվելուց հետո կրկին դիրքեր է վերադառնալու:Մյուս վիրավորը՝ ավագ լեյտենանտ Գևորգը, վիրավորվել է Մատաղիսում՝ արկի բեկորը վնասել է նրա ծնոտը: Նրա վիճակը բավարար է, սակայն բժիշկների խոսքով երիտասարդը նեղ մասնագիտական աջակցություն ստանալու համար կտեղափոխվի Երևան: Վիրավոր զինվորներին այցելում են բազմաթիվ գորիսցիներ, պատրաստակամություն հայտնում աջակցել նրանց: Այս մասին հայտնում է Գորիսի Մամուլի ակումբը։