«Նոր սահմանադրությունը կարված է Սերժ Սարգսյանի վրայով» (տեսանյութ)
ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն առաջարկում է նույնականացման քարտերով ընտրակեղծիքների դեմն առնել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ եթե մինչեւ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները Հայաստանում բնակվող բոլոր քաղաքացիներն ունենան նույնականացման քարտեր, ապա կեղծիքներ անել հնարավոր չի լինի: Սրան ի պատասխան՝ ասուլիսին ներկա «Ազգային Համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը նշեց, թե նույնիսկ այդ դեպքում հնարավոր է կեղծիքներ լինեն. «Հայաստանում ի՞նչը չի կեղծվում: Գնալու ենք՝ համակարգչի՞ն դատի տանք»,-ասաց նա: Հարությունյանը կարծում է, որ եթե ընտրական նոր օրենսգրքի խնդրահարույց կետերը չհանվեն, ապա այն թույլ կտա իշխանություններին խեղաթյուրել ժողովրդի կամքը. «Սահմանադրության նոր նախագիծը կարված է Սերժ Սարգսյանի վրայով, եւ որոշ տեղեր շուլալված են: Այդ շուլալված մասն ընտրական օրենսգիրքն է, եւ մենք տեսնում ենք, թե ինչպես են իշխանություններն այն կարում: Ուզում եմ, որ իշխանությունները մտածեն, թե այն ժամանակ, երբ իշխանություն չեն լինի այլեւս, այս ընտրական օրենսգիրքն ինչքան խնդիրներ կառաջացնի նրանց համար»,-նշեց Հարությունյանը: Անդրադառնալով ստորագրված ցուցակները հրապարակելու հարցին՝ Արամ Հարությունյանը նշեց, թե քվեարկությունն է գաղտնի, բայց ոչ՝ մասնակցությունը. «Գաղտնիության խնդիր չկա: Հազար մարդ դրսում կանգնած տեսնում է, որ Պողոսը եկավ եւ քվեարկեց: Հասկանալի է, որ եթե ցուցակները հրապարակվեն, հարեւանը կտեսնի, որ բացակայող հարեւանը քվեարկել է, եւ միանգամից պարզ կդառնա, թե ինչ է կատարվել»,-եզրափակեց նա: