Հայաստանի երիտասարդականը Եվրո-2017-ում այլեւս անելիք չունի
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը հերթական պարտությունը կրեց Եվրոպայի 2017 թվականի առաջնության ընտրական փուլում: Այսօր մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստների մեր ընտրանին սեփական դաշտում ընդունեց Դանիայի այդ տարիքային հավաքականին: Հանդիպման հենց սկզբում զգացնել տվել հյուրերի բարձր խաղամակարդակը: Դանիացիների բոլոր գրոհներն անչափ վտանգավոր էին: Մեր պաշտպանները դիմացան մինչեւ 28-րդ րոպեն, որից հետո դանիացիները իրար ետեւից երկու գոլ խփեցին եւ առաջ անցան հաշվի մեջ: Բարեբախտաբար, Հայաստանի երիտասարդականը խուճապի չմատնվեց եւ սկսեց ավելի համախմբված գործել: 35-րդ րոպեին մեր ֆուտբոլիստները կրճատեցին հաշվի տարբերությունը: Աչքի ընկավ Գոռ Մալաքյանը, որը վստահ իրացրեց 11մ հարվածը: Ընդմիջումից հետո պայքարն ավելի սրվեց: Մեր ֆուտբոլիստները մրցակցի գրոհներին պատասխանում էին իրենց հակագրոհներով, սակայն այդպես էլ չկարողացան դրանք հասցնել տրամաբանական ավարտի: Իսկ ահա դանիացիները հանդիպման վերջին րոպեին երրորդ գնդակն ուղղարկեցին մեր դարպասը եւ վերջնականապես վճռեցին խաղի ելքը՝ 1:3: Այդպիսով, Հայաստանի երիտասարդականը 6-րդ պարտությունը կրեց ընտրական փուլում եւ շարունակում է մեկ միավորով եզրափակել մրցաշարային աղյուսակը: Դանիայի ընտրանին տարավ իր 5-րդ հաղթանակը, վաստակեց 16 միավոր եւ լիովին ամրապնդվեց առաջին հորիզոնականում: Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը հանդիպումից հետո ասաց, որ դժգոհ է որոշ ֆուտբոլիստների խաղից, սակայն չի պատրաստվում նշել նրանց անունները, քանի որ դա իր եւ խաղացողների ներքին խնդիրն է: Ըստ նրա մեր ընտրանին այլեւս անելիք չունի եվրոպական այս առաջնությունում եւ արդեն պետք է պատրաստվի հաջորդ մրցափուլին: Դանիացիների գլխավոր մարզիչ Նիլս Ֆրեդրիկսենը ետխաղյա ասուլիսին ասաց, որ անցած հանդիպման համեմատ Հայաստանի ընտրանին բավականին ուժեղացել է, հիմնականում կենտրոնական հարձակվող Դավիթ Արշակյանի հաշվին: Նա ցավով նշեց, որ իր թիմն առաջին գոլը բաց թողեց ընթացիք առաջնությունում՝ գտնելով, որ 11մ հարված չկար այդ դրվագում: