Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի երիտասարդականը կփորձի կանգնեցնել առաջատարին

Սպորտ
sport-hajastan-dania

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականն այսօր Եվրոպայի 2017թ առաջնության ընտրական փուլի շրջանակում կհյուրընկալի Դանիայի նույն տարիքային թիմին: Մեր մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստները ներկայումս իրենց ընտրական խմբում զբաղեցնում են վերջին 6-րդ տեղը: Անցած տարի անցկացրած 6 հանդիպումներում մերոնք վաստակել են ընդամենը մեկ միավոր՝ ոչ-ոքի խաղալով Լյուքսեմբուրգի հավաքականի հետ՝ 1:1: Հայաստանը մրցակիցների դարպասը խփել է 4 գոլ, իսկ սեփականը ընդունել 13 գնդակ: Դանիայի երիտասարդական հավաքականը հինգ խաղից հետո 13 միավորով միանձյա գլխավորում է աղյուսակը: Դանիացիներն արդեն 7 անգամ պատժել են մրցակիցներին, սակայն թույլ չեն տվել նրանց նույնը անել: Ընթացիկ առաջնությունում Հայաստանի եւ Դանիայի երիտասարդականներն արդեն հանդիպել են իրար հետ: Անցած տարվա նոյեմբերին կայացած խաղն ավարտվել է դանիացիների հաղթանակով՝ 2:0: Ինչպես նշում են վիճակագիրները, Դանիայի հավաքականը բացահայտ առավելություն է ունեցել այդ խաղում, Հայաստանի թիմի դարպասին կատարել է 18 հարված, ստացել է 13 անկյունային հարվածի իրավունք: Մեր ֆուտբոլիստների ցուցանիշը կազմել է համապատասխանաբար 1-0: Այդ խաղից հետո շատ բան է փոխոխվել: Հայաստանի հավաքականում փոխվել է գլխավոր մարզիչը (Արտակ Օսեյանին փոխարինել է Կարեն Բարսեղյանը): Թիմ են հրավիրվել մեծ թվով լեգեոնականներ, որոնք հանդես են գալիս արտասահմանում՝ թվով 5: Շատ են նաեւ նորեկները: Չնայած այդ փոփոխություններին, բուքմեյքերական գրասենյակներն այս խաղում, այնուամենայնիվ, բարձր են գնահատում դանիացիների շանսերը՝ 1,55 գործակից հաղթանակի համար: Հայաստանի հավաքականի հաղթանակի համար դրանք սահմանել են 6,00 գործակից: