Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոչ մի իրանցի պաշտոնյա չի հայտարարել, որ պատրաստ է տալ էժան գազ» (տեսանյութ)

Տնտեսություն
badeyan

«Ռուս և թուրք ժողովուրդների միջև լարված հարաբերությունները դարերի պատմություն ունեն։ Ռուսաստանը, եթե փորձել է մշտապես սիրաշահել Թուրքիային, օգտագործել նրան իր աշխարհաքաղաքական նպատակներն իրականացնելու համար, թուրքերը իրենց խաղն են առաջ տարել»,- ասում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը, ում կարծիքով՝ վերջին շրջանում երկու կողմերի միջև լարվածությունը հենց այդ մասին է խոսում։ Ըստ նրա՝ Հայաստանը պետք է անմասն չմնա Թուրքիայի դեմ քայլեր ձեռնարկելուց՝ առաջին հերթին տնտեսական ոլորտում։ ՀՀԿ-ական պատգամավորը հիշեցնում է՝ մեր և թուրքերի միջև պաշտոնական տվյալներով տարեկան 300 մլն դոլարի առևտուր է լինում. «Հայաստանը պետք է բոյկոտի թուրքական ապրանքները։ Պետք է այլ երկրներից սկսել ապրանքներ ներկրել՝  ի հակակշիռ թուրքական ապրանքների։ Պետք է ասել, որ ապրանքների գները շատ չեն բարձրանա, հավանաբար՝ միայն տրանսպորտային ծախսերի մասով»։ Մեծ մրցակցություն կա Հայաստանի և Ադրբեջանի միջև Իրանից դեպի Ռուսաստան երկաթգիծը սեփական տարածքով անցկացնելու հետ կապված։ Իսկ ի՞նչ է անում իշխանությունը, որպեսզի այս պրոցեսում Հայաստանը հաղթած դուրս գա։ Մանվել Բադեյանը նշում է. «Դրա պատասխանն իմանալու համար պետք է շատ բան իմանալ»։ Ըստ նրա՝ իշխանությունները նաև ջանքեր են գործադրում էժան գազ բերել Իրանից, ինչպես նաև երկաթգիծը Հայաստանով անցկացնել։ «Ոչ մի իրանցի պաշտոնյա չի հայտարարել, որ պատրաստ է տալ էժան գազ, քան մենք առնում ենք Ռուսաստանից։ Իհարկե՝ Ռուսաստանի շահերին հակասում է, որ մենք ուրիշ տեղից գազ գնենք, ինչ վերաբերում է երկաթգծի կառուցմանը՝ շահագրգիռ են երկու կողմն էլ։ Սա հակամարտություն չի Ռուսաստանի և Իրանի միջև, հակառակը՝ ընդհանուր շահեր են»։ Ըստ քաղաքական գործիչ Սոս Գիմիշյանի՝ Ռուսաստան-Իրան երկաթգիծը հակասում է արևմուտքի շահերին, և քանի որ նա մեծ ազդեցություն ունի Հայաստանի վրա, թույլ չի տալիս, որ այն մեր երկրով անցնի։