Ինչպես անել, որ ՀՀԿ-ն չկորցնի իշխանությունը (տեսանյութ)
«Իշխանություններին դեռ ժամանակ է պետք` հասկանալու համար, թե ընդդիմությունը ինչ կետերի շուրջ է ուզում բանակցել և ովքեր են այդ բանակցողները»,- ասում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։ «Ընդդիմության մի մասն առաջարկում է ձևաչափ, մյուսներն ասում են այդ ձևաչափը նվեր է իշխանություններին, մյուսներն ասում են մենք այդ ձևաչափի հետ համաձայն չենք։ Եվ եթե հստակություն չմտավ, մնում է Ազգային ժողովում քննարկումների ժամանակ դիտարկել առաջարկները, դրանք ընդունել կամ չընդունել»,- ասում է իշխանական պատգամավորը։ Այս իրավիճակն առաջացել է այն բանից հետո, երբ առաջիկա ընտրություններում իշխանություններին հաղթելու մտադրության մասին հայտարարած որոշ ընդդիմադիր ուժեր չեն մասնակցում Ընտրական օրենսգրքի քննարկումներին, չեն փորձում իշխանություններին համոզել այս կամ այն կետը փոխելու մեջ։ ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը վստահ է՝ Ընտրական նոր օրենսգիրքը գրվել է այն ոգով, թե ինչպես անել, որպեսզի ՀՀԿ-ն չկորցնի իշխանությունը. «Իշխանությունը վստահ է, որ իրեն այլընտրանք չկա և չի լինելու։ Կարող ենք հիշել Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ Հանրապետական կուսակցությունն ապագայում էլ քաղաքական դաշտում լուրջ դերակատարում է ունենալու։ ՀՀԿ-ի նախաձեռնությունը՝ անցնել խորհրդարանական համակարգի՝ նպատակ ուներ պահպանել իր իշխանությունը»։ Ըստ պարոն Խաչատրյանի՝ կա մի տարբերակ, որն անելու դեպքում ՀՀԿ-ն կարող է հայտարարել, թե կարողացել է որոշակիորեն վերականգնել վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ։ «Ընդդիմությունն ասում է՝ հրապարակենք ընտրացուցակները, իշխանությունը պետք է ասի՝ եկեք հրապարակենք, ընդդիմությունն ասում է եկեք ընտրատեղամասերից ուղիղ հեռարձակում իրականացնենք՝ իշխանությունը նույնպես պետք է համաձայնվի»,- հավելում է նա։