«Կրոնական փոքրամասնությունները Եվրոպայում էլ խտրականություն են զգում» (տեսանյութ)
Հարության տոնին Պակիստանի ամենամեծ քաղաքներից մեկի՝ Լահորի խաղահրապարկում քրիստոնյաների նկատմամբ իրականացված ահաբեկչության արդյունքում Լահորում զոհերի թիվը հասել է 70-ի, որոնց կեսը երեխաներ են։ Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» շարժումը: «Այո, այդ տրամադրությունները կան ընդդեմ քրիստոնյաների, քանի որոշ հոգեւոր առաջնորդներ աշխարհի պրոբլեմները փորձում են բացատրել քրիստոնյաների կամ այլադավանների դավադրություններով: Սա էլ բնական է, որ հում ուղեղներ ունեցող մարդկանց մոտ առաջացնում է նման քայլերի գնալու համար որոշակի հիմք»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: Եթե նախկինում կրոնական տոնակատարությունների ժամանակ համընդհանուր խաղաղության կոչեր էին հնչում եւ բոլոր տեսակի բռնությունները կասեցվում էին, ապա այս տարի ահաբեկիչները, ըստ քաղաքագետի, գերազանցեցին իրենք իրենց. «Իսլամ եւ մոդեռնիզմ հարաբերություններում մենք տեսնում ենք, որ իսլամը խնդիր ունի ադապտացվելու 21-րդ դարի պահաջներին, եւ դա էլ նրանց ներքին աշխատանքն է, որը պետք է ժամանակի հետ համաքայլ արվի: Ես լավատես եմ ու չեմ կիսում աշխարհի վերջի ընկալումները, ի վերջո կես միլիարդանոց Եվրոպան նման չարիքներ չէ, որ հաղթահարել է»: Ինչ վերաբերում է Եվրոպայում տեղի ունեցող ահաբեկչություններին, ապա հատկանշական է, որ ահաբեկիչները հենց Եվրոպայում ծնված եւ եվրոպական արժեքները կրող երիտասարդներ են. «Այնտեղ կրոնական փոքրամասնության մոտ կա որոշակի խտրականության զգացում, որ իրենք մնում են հիմնական պրոցեսներից դուրս: Փոքրամասնություններն այնտեղ բնակվում են գետտոներում, որտեղ նույնիսկ ոստիկանություն չի մտնում, իրենք իրենց են տրամադրված եւ շատ քիչ մարդու է հետաքրքրում, թե այնտեղ ինչ է կատարվում»: Ի դեպ, վերջին 5 տարվա ընթացքում Եվրոպայում ահաբեկչական գործողությունները հիմնականում իրականացվել են Ֆրանսիայում, որին զոհ է գնացել 154 մարդ։