«Արեւմուտքը տեղեկատվական պատերազմի մեջ է ՌԴ հետ». Պեսկով
«ՌԴ հասարակական եւ ոչ պետական կազմակերպությունները, արեւմտյան երկրների հատուկ ծառայությունները, ինչպես նաեւ արեւմտյան ԶԼՄ-ները փորձեր են անում խարխլել ՌԴ ղեկավարության եւ առաջին հերթին նախագահ Վլադիմիր Պուտինի հեղինակությունը»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: Նրա խոսքով՝ այդ կազմակերպությունները տարբեր մեթոդներ են կիրառում երկրում անկայունություն ստեղծելու համար: Պեսկովը նշել է, թե Կրեմլի ադմինիստրացիան արեւմտյան ԶԼՄ-ներից հարցումներ է ստացել, որոնք եղել են հարցաքննության տեսքով: «Այդ հարցումներից շատերը վերաբերել են Վլադիմիր Պուտինի կարողությանը եւ գործարարների հետ կապին»,-հայտարարել է նա: Նախագահի մամուլի քարտուղարը նաեւ նշել է, թե Ռուսաստանը պատերազմի մեջ է տեղեկատվական հարթակում միտումներ ստեղծողների՝ առաջին հերթին՝ անգլոսաքսերի եւ նրանց ԶԼՄ-ների հետ: