Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օբաման մերժել է Էրդողանին

Քաղաքականություն
4af4db6c-ab98-4baa-b9b0-6a84ecc09788

Օբաման մերժել է Էրդողանի առաջարկը ներկա գտնվելու ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում թուրքական դրամով կառուցված մզկիթի բացման արարողությանը: Օբաման նաեւ որեւէ պաշտոնական հանդիպում չի նախատեսել Էրդողանի հետ, Վաշինգտոնում՝ առաջիկա հինգշաբթի օրը սկսվող միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի  շրջանակներում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 29-ից ապրիլի 2-ը ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ կմասնակցի, Մերիլենդ նահանգում, «Ամերիկյան կրոնական կենտրոն» անվամբ թուրք-իսլամական մզկիթի բացմանը: Ըստ թուրքական աղբյուրների, կենտրոնը նպատակ է ունենալու «կրոնի վերաբերյալ ճիշտ և ժամանակակից» տեղեկություններով իրազեկել հասարակությանը, ուղղորդել հավատքի, կրոնական արարողությունների ու բարոյականության հարցերում: Մզկիթը մեծ համալիր է, որը ներառում է մշակութային կենտրոն, ընդունելության առանձին շենք, հյուրատուն և թուրքական ոճով կառուցված տներ: Նույն աղբյուրների համաձայն՝ մզկիթը միակն է ԱՄՆ-ում, որն ունի 2 մինարեթ: Մզկիթի ներսում և բակում կարող են կրոնական արարողության մասնակցել միաժամանակ 3.000 մարդ: Մշակույթի կենտրոնում հիմնադրվող Իսլամական հետազոտությունների կենտրոնն էլ խորհրդատվական ծառայություններ է մատուցելու սովորելու նպատակով ԱՄՆ ժամանած թուրք ուսանողներին: Միջուկային անվտանգության գագաթնաժողովի չորրորդ եւ վերջին նիստը Վաշինգտոնում իր աշխատանքը մեկնարկելու է հինգշաբթի օրը: Նախատեսվում է այդ ֆորումին մասնակցեն 51 երկրների եւ միջազգային կազմակերպությունների, այդ շարքում նաև Եվրոպայի Միության եւ Միավորված ազգերի կազմակերպության պատվիրակություններ: ԱՄՆ պետական բարձրաստիճան պաշտոնյաները «The Wall Street Journal»-ին հայտնել են, որ Օբամայի որոշումը չպետք է դիտվի որպես Էրդողանի նկատմամբ արհամարհանք, որովհետև երկու նախագահները անցյալ նոյեմբերին Թուրքիայում կայացած G20-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել և ապա փետրվարին հեռախոսազրույց են ունեցել: ԱՄՆ աղբյուրների համաձայն, Էրդողանի նկատմամբ Վաշինգտոնի գաղջ վերաբերումը՝ Իսլամական պետություն ահաբեկչական խմբի, Սիրիայում կռվող քրդերի և Թուրքիայում ընդդիմադիր ուժերի և մամուլի նկատմամաբ վարած քաղաքականության արդյունքն է: Ըստ հրապարակված տեղեկությունների՝ Մերիլենդ նահանգի մզկիթի համար Թուրքիան ծախսել է ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար: «Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 28-03-2016 թ.