Ով էր փակել Բաղրամյան պողոտան՝ ոստիկաննե՞րը, թե՞ ցուցարարները (տեսանյութ)
«Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող Էռնեստ Ավանեսովը այսօր Վարչական դատարանում մեկ անգամ եւս կրկնեց, որ ոստիկաններն էին նախորդ տարվա սեպտեմբերի 11-ին պատնեշ կազմել Բաղրամյան պողոտայում, ուստի իրենց պահանջը՝ բացել Բաղրամյան պողոտան, անօրինական էր: «Ոստիկանության կողմը անձամբ ինձ մեղադրում է, որ ես անօրինական ճանապարհով ճանապարհը փակած ոստիկաններին օրինական պահանջին չեմ ենթարկվել: Այն դեպքում, երբ մեր կողմից եւս եղել են կոչեր, բացելու իրենց կողմից անօրինական փակված ճանապարհը»,- «Ա1+»-ին ասաց Էռնեստ Ավանեսովը: Նրա խոսքերով՝ բերման ենթարկելիս իր նկատմամբ բռնություն է գործադրվել. «Բոլորին բերման ենթարկելիս ձեռքերը ոլորել, հրմշտել են: Կանայք կային ընկած, եթե անգամ որեւէ մեկը մոտենում էր օգնության, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներն անմիջապես բերման էին ենթարկվում»,- հիշեց գործով պատասխանողը: Նրա խոսքերով՝ ինքնաբուխ խաղաղ երթի մասնակիցները ցանկանում էին իրենց բողոքն ու ձայնը լսելի դարձնել Սերժ Սարգսյանին: Այդ իսկ պատճառով էլ որոշել էին առաջ շարժվել: Նախորդ տարվա սեպտեմբերի 11-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանի օրինական պահանջին չենթարկելու գործն այսօր լսվում էր Վարչական դատարանում: Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող հարյուրավոր ցուցարարներ սեպտեմբերի 11-ին փորձել էին հասնել Նախագահական նստավայր, բայց չէր հաջողվել: Ոստիկանության ներկայացուցիչ Մարթա Մելիքսեթյանը նշում է՝ թեեւ հավաքն իրազեկված է եղել, սակայն մասնակիցները շեղվել են երթուղուց: Մի քանի անգամ պահանջ է ներկայացվել: Նա նաեւ չհերքեց, որ ֆիզիկական բռնություն էլ է գործադրվել Էռնեստ Ավանեսովին բերման ենթարկելիս; Պատասխանողի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը հակընդդեմ հայց է ներկայացրել դատարան: Նա ավելացնում է՝ ոստիկանությունը նույնիսկ չի նշել, թե իր վստահորդը ոստիկանության օրինական ո՞ր պահանջին չի ենթարկվել եւ որքան գումար է պահանջում, ուստի դատարանը հայցը պետք է մերժի: Նրանք նաեւ պահանջում են ոչ իրավաչափ պահանջել ոստիկանության գործողությունները էռնեստ Ավանեսովի նկատմամբ: Ի դեպ, Էռնեստ Ավանեսովին բերման են ենթարկել Բաղրամյան պողոտայի մայթից: Ոստիկանության ներկայացուցիչը նշում է՝ մի քանի անգամ ցուցարարներին բարձրախոսով հորդորել են ազատել Բաղրամյան պողոտան, այնուհետեւ ակցիայի մասնակիցներին տարել են մայթեր եւ բերման ենթարկել: Դատական հաջորդ նիստի ընթացքում կուսումնասիրվեն գործում առկա ապացույցները: