Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեսպանը չի բացառում ահաբեկչությունը Գերմանիայում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
despan-nkar-1

Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր երկրում գնալով աճում է բևեռացումը հասարակության մեջ՝ կապված միգրանտների հոսքի հետ։ «Մի կողմից մարդիկ են, որոնք աջակցում են Անգելա Մերկելի քաղաքական կուրսին, իսկ մյուսները բացասաբար են տրամադրված և նույնիսկ մերժում են փախստականների ընդունումը»,-ասաց դեսպանը։ Նախորդ տարի 442.000 ապաստանի հայց է ստացել Գերմանիան։ Դիմողների մեծամասնությունը եղել է Սիրիայից։ Պարոն Քիսլերի խոսքով՝ դեկտեմբերի համեմատ միգրանտների հոսքը փոքր-ինչ նվազել է։ Եվ այժմ ավելի խնդրահարույց է Հունաստանի դրությունը, քանի որ 50.000 մարդ անօրինական գտնվում է այնտեղ։ «Այն մարդիկ, ովքեր բացառապես տնտեսական դրդապատճառներով և ապահով երկրներից են ժամանում, պետք է հաշվի նստեն, որ որոշ ժամանակ անց կարող են արտաքսվել տվյալ երկրից»,-շեշտեց դեսպանը։ Վիենայի համալսարանի դասախոս Թոմաս Շմիդինգերն ասաց, որ շատ կարևոր է ծագման երկրի հարցը և Եվրոպան պետք է հետևի այս հարցին։ Խոսելով ահաբեկչության դեպքերից, որոնց թիրախում Եվրոպան է, պարոն Շմիդինգերը նշեց. «Ահաբեկչությունը կատարվում է այնպիսի մարդկանց կողմից, որոնք մեծացել և սոցիալիզացվել են Եվրոպայում»։ Նա անդրադարձավ նաև հարցին, որ այժմ գումար է տրամադրվել Թուրքիային՝ իր երկիր միգրանտներին ընդունելու և համապատասխան պայմաններ ստեղծելու համար։ «Պետք է ուշադիր նայել, թե արդյո՞ք Թուրքիային տրամադրվող օգնությունը հասնելու է տեղ։ Սակայն առանց Թուրքիայի հնարավոր չէ այս խնդիրները լուծել, քանի որ այդ երկիրը տրանզիտային ճանապարհ է»,-ընդգծեց նա։ Իսկ դեսպան Քիսլերը հարցին, թե որքանո՞վ է վստահելի գործընկեր Թուրքիան, ասաց. «Այս պահին մենք չունենք որևէ կասկածի առիթ, որ Թուրքիան իր վրա վերցված պարտավորությունները չի կատարի»։ Դեսպանը, խոսելով ահաբեկչության հնարավորությունից Գերմանիայում, նշեց. «Հնարավոր է՝ ահաբեկչություն տեղի ունենա, ահաբեկչական ակտերը պետք չէ բացառել։ Բայց ես չեմ կարծում, որ այժմ եկող փախստականների հետ դա կարող է կապված լինել»։ «ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտչյանն, անդրադառնալով ջիհադիստների խնդրին, ասաց. «Ջիհադիստները Եվրոպայում ապրող մահմեդականներին հորդորում են միանալ Իսլամական պետությանը, եթե ցանկանում են ապրել իբրև իսկական մահմեդական»։ Նա շեշտեց, որ փաստը, որ առկա են կազմակերպություններ, որոնք աջակցում են միգրանտներին, եվրոպական երկրների տրամադրած վճարները նպաստում են, որ մարդիկ ձգտեն գնալ հենց այնտեղ։