Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2008-ի հզոր ընդդիմության գաղտնիքը

Քաղաքականություն
ynddimutyun

«Օր օրի ծանրանում է մի խնդիր՝ ի՞նչ է լինելու համաշխարհային անվտանգության համակարգի հետ, որքա՞ն կարող է ծավալվել Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը, ու հիմա լավ է, որ գերտերությունները դրա դեմ միասնաբար պայքար մղելու քայլեր են ձեռնարկում»,- ասում է ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։ Նա նկատի ունի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի՝ Մոսկվա այցը, և հանդիպումն ու բանակցությունները այդ երկրի բարձրագույն ղեկավարության հետ՝ ԴԱԵՇ-ի դեմ համատեղ գործելու նպատակով։ Ըստ Գուրգեն Եղիազարյանի՝ ահաբեկչական այս խմբավորումն ստեղծվեց արևմտյան հատուկ ծառայությունների աջակցությամբ՝ Սիրիայում քաղաքական խնդիրներ լուծելու համար, և հիմա դուրս է եկել վերահսկողությունից։ «ԱՄՆ-ն անհանգստացած է Եվրոպայի անվտանգությամբ, քանի որ այն իր քթի տակ է, ԴԱԵՇ-ի նկատմամբ առավելության հասնելու այդ պետության ցանկությունը հենց դրանով է պայմանավորված»։ Պարոն Եղիազարյանը ոգևորությամբ է խոսում Հրազդանի քաղաքապետի ընտրություններում Սասուն Միքայելյանի մասնակցության մասին. նա իր ընկերն է. «Միասին մենք ճանապարհ ենք անցել ՀԱԿ-ում, 2008 թվականից ուս ուսի տված պայքարել ենք, ազատազրկված ժամանակ հարևան խցերում էինք։ Սասուն Միքայելյանն այն անձանցից է, ով անկախ Հայաստանի համար շատ բան ունի արած և արժանի է Հրազդանի քաղաքապետ ընտրվել»։ Իսկ ինչո՞ւ հիմա ընդդիմությունը չի ծավալում այնպիսի պայքար, ինչպես 2008 թվականին էր։ Ըստ Գուրգեն Եղիազարյանի իրավիճակն այն ժամանակվա համեմատ տարբեր է. «2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանին հաջողվեց համախմբել 10-յակից ավելի տարբեր հոսանքների, քաղաքական միավորների, նրա շուրջ միավորվեցին մեծաթիվ մարդիկ։ Ընդդիմությունն այն ժամանակ իսկապես հզոր էր՝ 2008-2011 թվականներին ու դա պայմանավորված էր առաջնորդի անձով»։ Այժմ էլ փողոցային պայքար տարվում է, սակայն «դեռևս ընդդիմադիր ուժերին չի հաջողվել անել այն, ինչ արեց Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 2008-ին»։