Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատգամավորը՝ ոստիկանապետի կազմակերպած ծեծի մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
koryun

Այն, ինչ տեղի է ունեցել Գորիսի ոստիկանապետի մասնակցությամբ, միանշանակ պետք է դատապարտել ու անընդունելի է: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ Պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանը՝ ավելացնելով, որ այս պահին կատարվում է ծառայողական քննություն, որից հետո համապատասխան եզրահանգումներ կլինեն: Նշենք, որ մարտի 8-ին Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը ծեծի է ենթարկել իր տեղակալի եղբորը՝ Արթուր Գևորգյանին: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ մինչեւ ծառայողական քննության ավարտը, ժամանակավորապես դադարեցվել է Գեւորգ Ազիզյանի լիազորությունները: Կորյուն Նահապետյանի գնահատմամբ՝ ցանկացած պաշտոնատար անձի պարագայում, առավելեւս ոստիկանության աշխատակիցների դեպքում, բռնություն գործադրելը չպետք է համարել նորմալ երեւույթ. «Հակառակը՝ պետք է հրապարակային դատապարտել, սակայն եկեք չշտապենք ու սպասենք ծառայողական քննության եզրակացությանը: Կլինեն վերջնական որոշումներ բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք մեղավոր կհամարվեն՝ կարգապահական կանոնները խախտելու, առանձին դեպքերում, եթե հայտնվեն հանցագործության հատկանիշներ, նաեւ  քրեաիրավական ընթացք կտրվի»: Արդյոք այս միջադեպը եւ Գորիսի ոստիկանապետի լիազորությունների ժամանակավոր դադարեցումը կհանգեցնե՞ն ոստիկանական համակարգի առողջացմանը: Կորյուն Նահապետյանն այս հարցում լիահույս է. «Յուրաքանչյուր ոստիկան, անկախ իր զբաղեցրած պաշտոնից, գիտակցի, որ կոչված է ծառայելու հասարակությանը եւ անթույլատրելի են այն երեւույթները, որոնք հարիր չեն ոստիկանին: Այս առումով շատ կարեւոր է, որ մեծացնել հասարակության վստահությունը համակարգի նկատմամբ: Բարեբախտաբար, այսօր համակարգում աշխատում են բազմաթիվ բարեխիղճ, պրոֆեսիոնալիզմով օժտված ոստիկաններ: Սակայն ինչպես մյուս համակարգերում, այնպես էլ ոստիկանությունում կան աշխատակիցներ, որոնք արատավորում են համակարգի հեղինակությունը: Ու այդպիսի աշխատակիցներից ուղղակի պետք է ազատվել»: