«Խուճապ ստեղծել... դա քաղաքակիրթ ճանապարհ է». Գալուստ Սահակյան (տեսանյութ)
Հանրապետությունից առողջության պատճառով բացակայած Գալուստ Սահակյանը կարոտել էր Ազգային Ժողովը. «Եվ լրագրողներին, եւ պատգամավորներին», ասում է նա: Մինչդեռ իր բացակայության ժամանակ նիստերից մեկում հանրապետական պատգամավորներն ամենավերջին բառերով հայհոյում եւ վիրավորում էին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին. «Աշխարհի բոլոր պառլամենտներն են էդպիսին»,- հավաստիացնում է ԱԺ նախագահը: Այդ չարաբաստիկ օրը պարոն Սահակյանի ինքնազգացողությունը դավաճանել էր նրան, սակայն ինքը հավատարիմ է իր խոսքի որակին. «Իհարկե, հայհոյանք էլ է լինում, իհարկե, մարդ էլ են փորձում ինչ-որ մի բան անել, պառլամենտական օրենքներ են»: Ազգային Ժողովում այս օրերին ակտիվորեն քննարկվող Ընտրական օրենսգրքին ծանոթ Գալուստ Սահակյանը գիտի ընտրատեղամասերում լրագրողների թվի սահմանափակման գաղափարի պատճառը. «Հայաստանում էդպիսի ընտրատեղամաս չկա, որ 30, 100 կամ 200 լրագրողներ տեղադրվեն»,- ասում է նա: Բայց եթե լրագրողները առաջարկություններ ունենան, իշխանությունը կլսի: Պարոն Սահակյանն առաջարկություն ունի. «Եթե դուք նոր ինչ-որ մի բան գծեք, ենթադրենք, հերթականությամբ մտնեք կամ ինչ-որ մի բան, մեր կողմից կընդունվի»: Ի դեպ, Գալուստ Սահակյանն ամենեւին չի վախենում, որ Ընտրական օրենսգրքի քննարկումներում իշխանության փոխզիջում չենթադրող կեցվածքը կարող է մարդկանց դուրս բերել փողոց. «Օրենսգրքում արտահայտած բոլոր մտքերը կլինեն օրենքներում: Իսկ էդպես մարդ հավաքել, խուճապ ստեղծել եւ այլ եւ այլ, դա քաղաքակիրթ ճանապարհ է»: «Ռեժիմը խուճապի մեջ չէ, ռեժիմը բերում է օրենսգիրք, որն այլեւս չի կարող խախտել»,-ասում է Գալուստ Սահակյանը: