45 օրով կերկարացնե՞ն Գեւորգ Սաֆարյանի կալանքը
Հունվարի 3-ից կալանավորված «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գեւորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը կերկարացվի եւս 45 օրով: Քննիչն արդեն դիմել է դատարան: «Օրենքն առավելագույնը երկու ամիս է թույլ տալիս, իրենք փորձել են տպավորություն ստեղծել, որ հենց այդքան ժամկետը բավարար է, որ գործը ուղարկեն դատարան»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Հիշեցնենք, որ մարտի 14-ին դատախազը չէր հաստատել Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանի գործով ՀՔԾ քննիչի կողմից կազմված մեղադրական եզրակացությունը եւ ուղարկել էր լրացուցիչ քննության: Պաշտպան Տիգրան Հայրապետյանը նկատում է, որ ըստ էության փորձել են մեղադրանքը խստացնել, ակայն հոդվածը չի փոխվել: Գեւորգ Սաֆարյանը մեղադրվում է Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության մայոր Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն կիրառելու համար: « Մի քիչ փորձել են ավելի անորոշ դարձնել մեղադրանքը: Մտցրել են նաեւ Գեղամ Խաչատրյանի պաշտոնը, փորձել են հիմնավորել, որ հավաքի մասնակիցները հրահրել են խառնաշփոթ եւ բռնություն: Նախ անհասկանալի է, թե ինչ է նշանակում խառնաշփոթ հրահրել: Անհասկանալի է, թե ինչ համար ակցիայի մասնակիցները գնան եւ հրահրեն, որ իրենց նկատմամբ բռնություն գործադրվի: Եթե հրահրել են, թող ոստիկանության աշխատակիցներն էլ չհրահրվեին»,- ասաց փաստաբանը: Ըստ գործի նյութերի՝ Գեւորգ Սաֆարյանը խառնաշփոթի եւ բռնությունների ժամանակ ձեռքով եւ ոտքով հարվածել Գեղամ Խաչատրյանին: «Եթե ոստիկանության ներկայացուցիչները կարող են ահաբեկել եւ բռնություն գործադրել, ինչո՞ւ պետք է հասարակ քաղաքացին չկարողանա բռնություն գործադրի: Նոր մեղադրանքը հաստատում է, որ ոստիկանության աշխատակիցները չեն կատարել իրենց ծառայողական լիազորությունները, այլ ենթարկվել են խառնաշփոթի եւ հրահրված կռվին են մասնակցել, իրենք կռիվ են արել»,- փոխանցեց պաշտպանը: Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանն անազատության մեջ է Ամանորի գիշերից՝ Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու փորձից հետո: