Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԳ նախարարը բաժնեմաս ունի, բայց բիզնեսով չի զբաղվում (տեսանյութ)

Քաղաքականություն
Levon-Mkrtchyan-nkar

ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը Երևանի պետական բժշկական համալսարանի խորհրդի նախագահն է։ Հնարավո՞ր է՝ փոփոխություն լինի այս հարցում, նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց. «Նախ բուհն է որոշում։ Ես կարծում եմ, որ պաշտոնով չպիտի պայմանավորել բուհի խորհրդի նախագահի աշխատանքը»։ Ճշտմանը, թե չի՞ հավակնում, ցանկություն չունի՞լինել բուհի խորհրդի նախագահ, պարոն Մկրտչյանն ասաց. «Ես երբևէ որևէ բուհի խորհրդի նախագահ չեմ պատկերացնում ինձ»։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ամբողջ կազմը ՀՀԿ-ականներ են։ Որքանո՞վ է հիմնավորված, որ բյուջեից միջոցներ են գնում կուսակցականացված կառույցի ծրագրերին, օրինակ՝ կրթաթոշակ է տրամադրվում ուսանողներին, նախարարը նշեց. «Պետք է հասկանալ հիմնադրամի դերը։ Ես շատ մեծ հույս ունեմ, ուսանողական խորհուրդների դերը կբարձրանա։ Ապրիլին պետք է հանդիպենք ուսանողական խորհուրդների նախագահների հետ»։ Իսկ այն, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում  ուսանողական խորհուրդը ներգրավված է դարձյալ Հանրապետական կուսակցության գործունեության մեջ, այս առնչությամբ պարոն Մկրտչյանն ասաց. «Մենք մշակելու ենք համալսարանական օրենքը և դրանում պետք է կարողանանք հավասարակշռությունը գտնել կուսակցական պատկանելության և բուհական գործունեության միջև»։ Նա նաև հավելեց. «Ես չեմ համարում ճիշտ, որ հիմնադրամներում անկուսակցական լինեն։ Ակտիվ քաղաքական դիրքորոշում ունեցող մարդն է, որ դառնում է ակտիվ քվեարկող»։ Դիտարկմանը, թե այսինքն, ուսանողը պետք է ծառայի իշխանությունների՞ն, ասաց. «Ոչ, նաև երկրին»։ Նախարարը հայտարարագրել է իր ունեցվածքը, որից պարզ է դառնում, որ նա ունի բաժնեմաս տարբեր ընկերություններում, արդյո՞ք բիզնեսով է զբաղվում, նա նշեց. «Ոչ, ես բիզնեսով չեմ զբաղվում։ Բաժնեմաս ունեմ, բայց բիզնեսով երբեք չեմ զբաղվել»։