Քանի գույնի քվեաթերթիկ է հնարավոր (տեսանյութ)
ԸՕ նոր նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներին այսօր Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ հստակեցվել է ԶԼՄ-երի եւ դիտորդների հետ կապված դրույթը. «Նոր ԸՕ-ով տվյալ ընտրատարածքում կարող են լինել հարյուրավոր թեկնածուներ,, այդ պատճառով հնարավոր չէր ընտրատեղամասերում ապահովելու բոլոր նրանց վստահված անձանց ներկայությունը: Այդ պատճառով մենք մտավախություն ունենք, որ շատ թեկնածուներ՝ որպես վստահված անձ, կներկայացնեն կեղծ դիտորդներ ու ԶԼՄ-եր: Մենք եկել ենք այն եզրահանգման, որ պետք է ԶԼՄ-երի հետ կապված թվի սահմանափակումը հանենք եւ, օրինակ, հավատարմագրված լրագրողներ լինեն՝ յուրաքանչյուր ԶԼՄ-ից, ասենք, հիսուն ներկայացուցիչ»: «Պառլամենատական սերունդ» ՀԿ նախագահ Մեխակ Մխիթարյանը հետաքրքրվեց՝ արդյոք ընտրակաշառքի հետ կապված էլ ավելի մեծ խստացումներ լինելո՞ւ են ու քրեական ավելի մեծ պատասխանատվություն: Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ ընտրակաշառքի հետ կապված արդեն կա խիստ քրեական պատասխանատվություն: «Քաղաքացիական շտաբ» ՀԿ անդամ Վարդան Քոչարյանն էլ իր հարցի մեջ անդրադարձավ քվեաթերթիկներին. «Աշխարհում, բնության մեջ այդքան գույն կլինի՞, որոնց միջոցով հնարավոր կլինի քվեաթերթիկների գույների միջոցով ներկայացնել բոլոր մասնակից կուսակցություններին: Նաեւ, որքանով է նպատակահարմար՝ ընտրողն այդքան քվեաթերթիկների տրցակ տանի հետը քվեախուց»: Դավիթ Հարությունյանն ի պատասխան ասաց. «Տեսականորեն՝ այո, հնարավոր է 40 կուսակցություն մասնակցի, սակայն գործնակում՝ ոչ. ԸՕ-ն շատ կոնկրետ փաստաթուղթ է: Դրա համար գոյություն ունի ընտրական գրավ, որպեսզի յուրաքանչյուր կուսակցություն սթափ գնահատի իր մասնակցության հնարավորությունները: Բնության մեջ 40 գույն կա, թե ոչ, իհարկե կլինի նաեւ հարյուր գույն, սակայն մենք մտածում ենք նաեւ պաշտպանիչ մեխանիզմներ մշակել»: