Տուբերկուլոզով հիվանդը կարող է վարակել 10-15 հոգու (տեսանյութ)
Հայաստանում վերջին տարիներին արձանագրվում է տուբերկուլոզի համաճարակային իրավիճակի բարելավում: Այս մասին ԶԼՄ ներկայացուցիչների համար կազմակերպված «Միավորվենք՝ վերացնելու տուբերկուլոզը» թեմայով իրազեկման դասընթացի ժամանակ ասաց Առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Արմեն Հայրապետյանը: Նրա խոսքերով՝ մահացության ցուցանիշը կրճատվել է 3, իսկ հիվանդացության ցուցանիշը՝ 2 անգամ: Տղամարդկանց մոտ հիվանդացության ցուցանիշը շուրջ երեք անգամ բարձր է, քան կանանց շրջանում: 2010 թ-ից Հայաստանի ողջ տարածքում իրականացվում է նաեւ դեղորայքակայուն տուբերկուլոզով հիվանդների բուժման ծրագիր: Հիվանդներին տրամադրվել են նաեւ սննդային փաթեթներ՝ փոխհատուցելով նաեւ տրանսպորտային ծախսերը: Հիմա տրամադրվում է ֆինանսական աջակցություն՝ հիվանդների համար բացում են քարտեր: Արմեն Հայրապետյանը նշում է՝ որոշ հիվանդներ ընդդիմացել են այս որոշման դեմ, քանի որ ունեցել են բացասական վարկային պատմություն: Կենտրոնի տնօրենը ավելացնում է՝ այդ անձինք լիազորագրել են որեւէ մեկին եւ բացում են քարտերը: «2015 թ երկրորդ կիսամյակի համար հիվանդների թիվը, ովքեր ենթական են եղել սոցիալական աջակցություն ստանալու, կազմել է 981 հիվանդ, սակայն նրանցից ստացել է 784-ը, 197-ի հետ եղել է տարբեր տեսակի խնդիրներ, որոնցից մեծ մասը հենց բանկային բացասական պատմությունն է: Եթե 16 թվականի հունվար-փետրվարը նայենք, ապա 586 ենթակա հիվանդներից 526-ը ստացել է»: Յուրաքանչյուր ամիս հիվանդը նվազագույնը պետք է ապահովի 24-26 այց: Դեղազգայուն հիվանդին ամսական փոխանցվում է 8000 ՀՀ դրամ, իսկ դեղակայուն հիվանդին` 13000 դրամ: Պետությունը մեկ հիվանդի երկու տարվա դեղակայուն բուժման համար ծախսում է 5 հազար դոլար: Ի դեպ, Արմեն Հայրապետյանը հայտնեց, որ Հայաստանում ներդրվել են նոր ժամանակակից ախտորոշման մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս երկու ժամում ախտորոշել տուբերկուլոզը, ինչպես նաև որոշել՝ դեղակայուն է, թե ոչ: Տուբերկուլոզով հիվանդ մարդը կարող է վարակել 10-15 հոգու, սակայն նրանցից միայն երկուսը կարող են հիվանդանալ՝ կախված իրենց օրգանիզմի դիմադրողականությունից: Ի դեպ, գրիպն ավելի վարակիչ հիվանդություն է, քան տուբերկուլոզը: