«Դպրոցներն ասոցացվում են դրամահավաքի հետ» (տեսանյութ)
Դպրոցներում պետք է տարանջատեն դրամահավաքն ու կամավոր ներդրումը, քանի որ անընդմեջ դրամահավաքի մասին բարձրաձայնելով՝ հեղինակազրկվում է ուսուցիչը. կարծում է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը։ Նա հավելում է, որ դրամահավաքը պետք է արգելվի, իսկ կամավոր ներդրումներն անհրաժեշտ են. «Խոսքն ամենևին էլ չի գնում տոներին ուսուցիչներին ասենք` թանկարժեք նվերներ կամ գումար տալուն: Հիմա դրամահավաք բառը սկսել են ասոցացնել դպրոցների հետ, իսկ դրամահավաքը կաշառքն է` եկեք զգույշ լինենք մեր արտահայտություններում: Պետք է հստակեցնել` դրամահավաքն ինչ է և ներդրումն ինչ է: Եկեք անպատվաբեր դրամահավաքը տարանջատենք կամավոր ներդրումից, այսինքն` պետք է ասել` կաշառքն է արգելվում, ոչ թե կամավոր ներդրումը»: Տիկին Բախշյանին անհանգստացնում է մի փաստ, որ դպրոցների ներքին գնահատման հաշվետվության մեջ կամավոր ներդրման մասին կետը բաց է թողնված, այսինքն՝ ոչ մի դպրոց չի լրացրել այն: Ըստ տիկին Բախշյանի այս հարցով պետք է նաեւ պաշտոնյանները զբաղվեն: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը համակարծիք է տիկին Բախշյանի հետ`կամավոր ներդրումը դրամահավաք չէ, ոչ էլ կաշառք. «Ուսուցիչն էլ կին է և մարտի 8-ին արգելել մի փոքրիկ նվեր գնել` սխալ է: Դրամահավաքն անհնար է վերացնել, ուղղակի պետք է հաշվետվություն ներկայացնեն, թե ինչքան ներդրում է կատարվել: Չի կարելի չափազանց մեծ գումարներ հավաքել, բայց մարտի 8-ին պետք էլ չէ անտեսել ուսուցիչներին»: