Լեւոն Արոնյանը չօգտագործեց լավ դիրքը եւ ոչ ոքի խաղաց
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը շարունակում է հաջող հանդես գալ Մոսկվայում ընթացող հավակնորդների մրցաշարում: Այսօր կայացած 7-րդ տուրում մեր շախմատիստը սեւերով մրցեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ, ում հետ բաժանում է 1-2-րդ տեղերը: Լեւոն Արոնյանը շատ ակտիվ սկսեց պարտիան եւ խաղասկզբում որոշակի դիրքային առավելություն ստացավ: Սակայն միջնախաղում նա համեմատաբար թույլ շարունակություն ընտրեց, ինչը Սերգեյ Կարյակինին հնարավորություն տվեց հավասարեցնել իրավիճակը: Մի քանի փոխանակումներից հետո կողմերը 31-րդ քայլին խաղաղ դաշն կնքեցին: Այդպիսով, ավարտվեց մրցաշարի առաջին շրջանը: Լեւոն Արոնյանը վաստակել է 4,5 միավոր եւ Սերգեյ Կարյակինի հետ շարունակում է գլխավորել աղյուսակը: Նրանց հաջորդում է Վիշվանաթան Անանդը, որն իր ակտիվում ունի 4 միավոր: Վաղը տեղի կունենա 8-րդ տուրը: Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի հոլանդացի Անիշ Գիրիի հետ, որը ոչ-ոքի է ավարտել բոլոր 7 պարտիաները: