Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կասկած չկա՝ հայերը երջանիկ ազգ են»

Հասարակություն
happy_2

Երջանկության միջազգային օրը լավ առիթ է խոսելու հայերիս երջանկության մասին: Հետազոտություններից մեկի համաձայն, Հայաստանն աշխարհում 121-երրորդ տեղն է զբաղեցնում, մինչդեռ Միացյալ Նահանգները 13-երորդն են, իսկ Դանիան, որպես ամենաերջանիկ երկիր, գրավում է առաջին հորիզոնականը: Իսկապե՞ս հայերը մյուսներից պակաս երջանիկ են եւ ո՞րն է իրական երջանկությունը: Փորձառու դիվանագետ Հրաչյա Թաշյանի կարծիքով, երջանկությունը կախված չէ ազգային պատմության կամ անցյալի հետ. «Դու կարող ես կրել ամբողջ պատմական հիշողության բեռը ու լինել երջանիկ»: Երեւանի եւ Վաշինգտոնի փողոցներում անց կացրած մեր հարցումների արդյունքներն իրականում միմյանցից գրեթե չէին տարբերվում: Ռիչարդ Ռամիրեզի համար երջանկությունն իր թոռնիկներն են. «Իրական երջանկություն է, երբ ես նրանց հետ զբոսնում, պատմություններ եմ նրանց պատմում, երբ աչքերիս առաջ նրանք մեծանում են»: Իսկ Քրիսթին Փեյջի համար՝ իր ընտանիքը. «Երջանկությունն ինձ համար այս երկուսն են ու ամուսինս»: Սերն ու ընտանիքը հիմնական երջանկության աղբյուրն են նաեւ հայաստանցիների համար, որոնցից մեկը Մովսես Եղիկյանն է. «Երջանկությունն ինձ համար սեր գտնելն ու երջանիկ ապագա ունենալն է»: Անվանի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը երջանկությունն ավելի փիլիսոփայորեն է վերաբերվում. «Երջանկությունն իր նկարագիրը ունի, իր պատկերները ունի: Երջանիկ մարդու ներդաշնակ է իր հետ»: Իսկ ի՞նչ են մտածում երջանկության մասին երեխաները: Փոքրիկ Հայկի երջանկության բանաձեւը պարզ եւ ճշմարիտ է. «Երջանկությունը ինձ համար նա է, որ բոլորը լինեն երջանիկ ու առողջ»: Թենիսի վարպետ կապ հագուստի դիզայներ դառնալ ցանկացող Քեթրինի երջանկություն է արեւոտ օրը ընտանիքի հետ զբոսնելը: Երեխաներից ոմանք, սակայն, լիակատար երջանկության համար ավելի լուրջ պահանջներ ունեն: Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի տասնամյա դուստր Սյունեն իր կյանքի ամենաերջանիկ օրերից է համարում Հայաստան այցելությունը: Սյունեն ցանկանում է ԱՄՆ-ի կոնգրեսական դառնալ: Ինչո՞ւ՝ որպեսզի աջակցի Հայաստանին եւ ընդունի Հայոց ցեղասպանությունը: Սյունեի յոթնամյա եղբայր Արտաշեսն էլ ցանկանում է նախագահ դառնալ, սակայն, ոչ թե ԱՄՆ-ի, այլ՝ Հայաստանի: Որպես նախագահ Արտաշեսը նախատեսում է Հայաստանը բարգավաճման հասցնել եւ հետ վերադարձնել հայկական պատմական հողերը: Սյունեն եւ Արտաշեսը կասկած չունեն, հայերը՝ երջանիկ ազգ են, որովհետեւ սերտ կապված են իրենց բարեկամների եւ ընտանիքների հետ: Ամերիկայի ձայն