«SOS»-ի հաղորդավարը վիրավորական արտահայտություններ չի տեսնում
Ոստիկանության ներկայացուցիչները դեմ են իրենց իսկ հայցով դատական նիստի տեսանկարահանմանը։ Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր YouTube-ում հեռարձակվող «SOS» հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի դեմ հայցի լսումը։ Ոստիկաններ Արթուր Մադաթյանը, Սերգեյ Զաքարյանը եւ Հովհաննես Քոչարյանը պահանջում են հրապարակային ներողություն խնդրել, ինչպես նաեւ փոխհատուցում 1-ական միլիոն դրամի չափով: «Վիրավորական արտահայտություններ չեմ տեսնում մեր ներկայացրած տեսանյութում: Կոնկրետ հասցեատեր չունեն»,- ասում է Վիլեն Գայֆեջյանը: Պատասխանող կողմը միջնորդեց գործում որպես վկա ներգրավել հաղորդման համահեղինակ Հայկ Բարսեղյանին: «Վիլենն ուղղակի տեքստ է ասել, հիմա ես էլ կասեմ շան տղա, ասում եմ հաղորդման համար: Եթե մեկը իր վրա է վերցրել, թող գա ասի, եղբայր ջան, կարող է ինձ համար ես ասել»,- նշում է Հայկ Բարսեղյանը Նրա համար հարց է՝ դեռ ո՞վ պետք է ներողություն խնդրի: «Կարող է պարզվի, որ ոստիկանությունը ուրիշ մարդուց պետք է ներողություն խնդրի: Միգուցե այն մարդկանցից, ում քարշ էին տալիս փողոցներով, կարող է այդպես լինի, իրենց մտքով չի անցել»: Իսկ ոստիկանները քաշքշել էին Նախագահի նստավայրի մոտ ակցիա անող՝ բանակում խաղաղ պայմաններում զոհվածների ծնողներին։ Նրանք այսօր դատարանում էին։ Գործով դատական նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի 29-ը։