Քաղաքացիներն ընդդեմ պետության. 34 պարտություն՝ 6 տարում (տեսանյութ)
Վերջին 6 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունը Եվրադատարանում պարտվել է 34 գործով։ Միայն երեկ կայացված «Մատաղիսի գործով»՝ կառավարությունը երեք նախկին զինծառայողների պետք է վճարի 50000 եվրո։ «Պիտի ուղղակի հետևողական վերաբերմունք լինի, որ փոխվի այս դատական համակարգը։ Սա հենց արդարադատության համակարգի պատասխանատուների վերաբերմունքի արդյունքն է»,- ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Մատաղիսի գործով անցնող զինծառայողների ազատ արձակման համար պայքարողներից էր։ Բանակի թեման մշտապես նրա ուշադրության կենտրոնում է։ «Այսօր զինվորական սպանությունները, հանցագործությունները, կյանքի իրավունքի խախտումներով գործերը նույն վիճակում են, ինչ որ Մատաղիսի գործն է։ Մենք տեսնում ենք, որ դատարաններում անմեղ մարդիկ փոխարինում են իրական մեղավորներին»,- նշում է իրավապաշտպանը։ Հենց այդ հույսով են Եվրադատարան դիմում Հայաստանյան դատարաններում արդարություն չգտած քաղաքացիները։ Ընդ որում ՝ եղել է դեպք, երբ ֆինանսական փոխհատուցման պահանջ չի ներկայացվել, ինչպես օրինակ՝ Լեւոն Գուլյանի գործով։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նախորդ տարի որոշում էր կայացրել Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հայցով՝ Լեւոն Գուլյանի մահվան տարելիցի առիթով սգո երթի թույլտվություն չստանալու համար։ 2007 թ. մայիսի 12-ին Լևոն Գուլյանի դիակը բազմաթիվ վնասվածքներով հայտնաբերվել էր ՀՀ ոստիկանության շենքի բակում, երբ նա հրավիրվել էր ոստիկանություն՝ մի գործով։ Իսկ ահա վարդենիսցի Նալբանդյան ընտանիքին կառավարությունը 62000 եվրո է վճարելու՝ Մարդու իրավունքների կոնվենցիայի մի շարք դրույթների խախտման համար։ Հայաստանից Եվրոպական ատյանին դիմողների թիվը տարեցտարի ավելանում է։ Իսկ արդյո՞ք որևէ մեկը պատասխան կտա՝ իր սխալ որոշման արդյունքում Հայաստանի բյուջեին այդքան մեծ վնաս հասցնելու համար։ «Հայաստանում չկա այդ միջոցը՝ պատասխանատվության ենթակելու, այժմ կարգապահական վարույթներ են հարուցվում էլի նույն ընտրովիության սկզբունքով՝ ում ուզում են՝ պատասխանատվության են ենթարկում, ում չեն ուզում՝ չեն ենթարկում»,- կարծում է Ժաննա Ալեքսանյանը։ Ի դեպ, նախորդ տարվա սեպտեմբերին վարույթ է ընդունվել Շանթ Հարությունյանի ու ընկերների դիմումը։ Նրանք Եվրադատարանի ուշադրությունն են հրավիրում Սերժ Սարգսյանի մի հայտարարության վրա, որն, ըստ նրանց, խախտել է իրենց անմեղության կանխավարկածը։ Եվրադատարանը սկսել է նաեւ մարտի 1-ի 10 զոհերի ներկայացուցիչների գանգատի քննությունը եւ սպասում է ՀՀ կառավարության պատասխանին։ Զոհերի հարազատները իշխանություններից պահանջում են ճանաչել մարտի 1-ին զոհված անձանց կյանքի իրավունքի խախտման փաստը։