Հրանտ Բագրատյանն ընդդիմությանը համախմբման կոչ արեց
Այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում Ընտրական օրենսգրքի նոր նախագծի շուրջ՝ ԱԺ խմբակցությունների անդամների հետ տեղի ունեցող լսումներին ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ սա բարդ փաստաթուղթ է. «Ես կոչ եմ անում ընդդիմադիր կամ իրենց ընդդիմադիր հռչակած ուժերին՝ հարյուր տոկոսով միավորվել: Կոչ եմ անում մարտի 25-ին հավաքվենք այս նույն ֆորմատով այստեղ ու անցկացնենք քննարկում»: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ հայտարարեց, որ իր հարցը իրականում վերաբերում է ոչ թե Հովհաննես Սահակյանին կամ Դավիթ Հարությունյանին, այլ ՀՀԿ-ին ընդհանրապես. «Հնարավո՞ր է արդյոք ԸՕ-ի մշակման շուրջ կազմակերպել ռեալ քաղաքական գործընթաց, երբ հասարակական-քաղաքական ամբողջ սպեկտորը ներկայացված կլինի»: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց՝ ասելով, որ Լեւոն Զուրաբյանի առաջարկած մեխանիզմը չի արտահայտում հասարակական-քաղաքական ողջ ներկապնակը, որոնք ասելիք ունեն ԸՕ վերաբերյալ. «Մենք պատրաստ ենք ցանկացած ֆորմատով քննարկենք ձեզ հետ միասին, մենք էլ կգանք միասին աշխատենք: Սակայն դա չի նշանակում, որ քաղաքական պատասխանատվություն դուք եք ստանձնելու»: Փոխարենը, քաղաքական մեծամասնությունը ընդունեց նրա այն առաջարկը, որով նա հայտարարեց՝ իր մտերիմներից մեկը պատրաստ է 40 հազար ԱՄՆ դոլարով տեսախցիկներ տեղադրել ընտրատեղամասերում: Թե Դավիթ Հարությունյանը, թե Հովհաննես Սահակյանը միաձայն հավաստիացրին, որ ընդունում են այդ առաջարկը, սակայն պայմանով՝ հանկարծ դա հետո չվերածվի հարյուր հազարի: Ի դեպ, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը լքեց քննարկումների դահլիճը: Նա հայտարարեց, որ ընտրական գործընթացի արդարացիության մասին, սակայն արդեն իսկ այս քննարկումները ցույց են տալիս, որ ամեն ինչ անարդար է: «Ես, Լեւոն Զուրաբյանն ու Հրանտ Բագրատյանը շատ ավելի շուտ ենք հերթագրվել, սակայն մարդիկ կային նոր եկան դահլիճ ու նրանց հարց տալու իրավունք տրվեց»,- հայտարարեց նա ու լքեց դահլիճը: Այդ պահին հարց էր տալիս ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը: ԸՕ նախագծի քննարկումների դահլիճն այսօր բազմամարդ է. անգամ պատգամավորները նստելու տեղ չունեին, իսկ աղմուկի արդյունքում գրեթե ոչինչ լսելի չէր: