Հյուրանոցների ավելացումը չի նպաստում զբոսաշրջության զարգացմանը (տեսանյութ)
Նախորդ տարի՝ 2014 թվականի համեմատ, ներգնա զբոսաշրջությունը մեր երկրում նվազել է 1 տոկոսով՝ կազմելով 1 մլն 192.000։ Այս մասին այսօր հայտնեց Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։ «Սա պայմանավորված է Ռուսաստանից այցելությունների նվազմամբ։ Եվ պետք է ասեմ, որ Ռուսաստանից դեպի այլ երկրներ նույնպես այցերը քչացել են։ Չնչին նվազում ունենք նաև Վրաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից»,-նշեց նա։ Սակայն մյուս կողմից աճ է գրանցվել այլ երկրների դեպքում. «Գերմանիայից, Իրանից, Իրաքից շատացել են եկողները»,-հայտնեց պարոն Ապրեսյանը։ Իսկ արտագնա զբոսաշրջությունն աճել է 1,4 տոկոսով։ Վերջինս նաև շեշտեց, որ նախորդ տարվա ընթացքում երկրում 4 նոր հյուրանոց է բացվել, ինչը նույնպես խթանում է զբոսաշրջությունը։ «Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստան եկող զբոսաշրջիկների մեծ մասը ծագումով հայ են և մնում են իրենց բարեկամների տանը, հյուրանոցների ավելացումը չի կարող նպաստել զբոսաշրջության զարգացմանը»,-հակադարձեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը։ Նա նշեց մի կարևոր խնդրի մասին, որին քիչ է անդրադարձ կատարվում. «Խզվածություն կա մեկնողների և ժամանողների թվի միջև։ Հնարավոր է՝ առաջիկայում այնպես լինի, որ մեկնողների և ժամանողների թիվը հավասարվի, ինչը դրական երևույթ չէ»։ Տնտեսագետն անդրադարձավ նաև ոլորտին տրամադրվող գումարներին. «Տարեկան մոտ 380.000 դոլար պետբյուջեից ծախսեր ենք անում, բայց երկարաժամկետ զարգացման առումով ինչ-որ պահի կունենանք լրջագույն խնդիրներ»,-նշեց պարոն Մանուկյանը։ «Ավիատրանս» ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Աչոյանն իր հերթին խոսեց ավիաընկերությունների խնդիրներից, հիշեցնելով «Արմավիա»-ի ոչ հաջող փորձը. «Իր գործունեության վերջին տարիներին «Արմավիան» նպատակ չուներ աշխատանքի մեջ, այսինքն, աշխատում էր, բայց որևէ զարգացում չէր կարող ունենալ»։ Հիմա պարոն Աչոյանը հուսով է, որ բաց երկնքի քաղաքականությունը կնպաստի ոլորտի զարգացմանը։