Անտառների սպանդ Կապանում. ՀԲՃ
Զանգվածային անտառհատումների մասին ահազանգերը ցավոք շարունակվում են։ Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը հերթական ահազանգն ու լուսանկարներն է ստացել Սյունիքի մարզից, որի համաձայն ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության Ճակատենի անտառպետության տարածքում կան հեկտարներով ոչնչացված անտառներ։
Ահազանգում մասնավորապես նշված է․ «Սա ընդամենը մի փոքր մասն է այն տասնյակ հեկտարներից, որոնք հատվում են ամբողջ տարածաշրջանում: Եվ զարմանալին այն է, որ պատերազմի տարիներին՝ ցուրտ ու մութ իննսունականներին, Կապանի տարածաշրջանում այսքան անտառ չէր հատվում: Չեմ կարծում, որ այսչափ հատումները պայմանավորված են գյուղացիների կարիքները հոգալու անհրաժեշտությամբ: Եվ չեմ կարծում, որ այս մասշտաբի հատումները չեն նկատվում համապատասխան պետական մարմինների կողմից: Եվ տարածաշրջանի ավելի ու ավելի խորացող բնապահպանական հիմնախնդիրների ֆոնին մենք ունենք անգործության մատնված բնապահպանական մարզային տեսչություն»։
Լուսանկարներում շատ փոքր մասն է միայն, սակայն դրանք ամբողջովին պատկերացում են տալիս անտառում ստեղծված աղետալի վիճակի մասին։
ՀԲՃ-ն բազմիցս նշել է, որ Հայաստանի անտառների պահպանության և վերականգնման ուղղությամբ գործուն միջոցառումներ չձեռնարկելու դեպքում, մի քանի տասնամյակ անց մեր ժողովուրդն ականատես կլինի անտառապատ տարածքների կտրուկ նվազմանը՝ անկանխատեսելի էկոլոգիական հետևանքերով։
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն