Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարոն Մարգարյանը քաղաքացիներին 24 ժամ ժամանակ է տվել

Հասարակություն
taron1

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է, որ քաղաքացիներին մինչ վաղը ժամը 18։00-ն հնարավորություն  է ընձեռում  իրեն հարցեր ուղղելու՝ ֆեյսբուքի միջոցով, որոնց նա կպատասխանի  առաջիկա հանգստյան օրերին։ Քաղաքացիների խնդիրներին ծանոթանալու այս տարբերակը Տարոն Մարգարյանը  հիմանավորում է այսպես. «Ինչո՞ւ եմ որոշել մեր համաքաղաքացիների հետ ուղիղ հարց ու պատասխանի այս ձևաչափով խոսել: Նախ, ոչ թե ա՛յս ձևաչափով, այլ նա՛և այս ձևաչափով, քանի որ թե՛ աշխատանքային շրջայցերի ու հանդիպումների ժամանակ և թե՛ ոչ աշխատանքային պայմաններում ես մշտապես հասանելի եմ մեր բոլոր համաքաղաքացիների համար: Պարզապես ժամանակի պահանաջն է ոչ միայն մարդկանց հետ խոսել ու հաշվետու լինել, այլև միասին սահմանել առաջնահերթությունները, ինչը հնարավոր է նաև քաղաքացիների հետ ուղիղ հարց ու պատասխանի միջոցով»,-մասնավորապես ասված է հայտարարության մեջ։ Տարոն Մարգարյանին ուղղված հարցերը տարաբնույթ են։ Մեծամասամբ  դրանք վերաբերում են քաղաքային տրանսպորտին։ Ստորև ներկայացնում ենք ֆեյսբուքյան օգտատերերի հարցերից եւ առաջարկություններից մի քանիսը։ «Պարոն Մարգարյան , հնարավո՞ր է Նուբարաշենում ավելացնել երթուղային տրանսպորտը։ էսօրվա դրությամբ գործում է մեկ ավտոբուս ու մեկ երթուղային: Դրանք շատ քիչ են ու չեն հասցնում սպասարկել»: «Հարգելի քաղաքապետ, ես առաջարկում եմ վերանայել Դավիթաշեն համայնքի տրանսպորտի հարցը։ Ինքս այդ համայնքի բնակիչ եմ և առավոտյան դժվարանում եմ աշխատանքի գնալ, քանի որ Դավիթաշենից Հանրապետության հրապարակ ընդամնեը 2 ավտոբուս է գնում և ոչ մի երթուղային տաքսի»։ «Հարգելի քաղաքապետ, կառաջարկեմ վերանայել կարմիր գծերով կայանատեղերի թույլատրման հայեցակարգը՝ մասնավորապես նեղ ճանապարհահատվածների վրա դրանք չլինեն, ավելին, այդպիսի փողոցներում նույնիսկ արգելել կայանումը՝ քանի որ պատճառ են հանդիսանում խցանումների ու երթևեկության ծանրաբեռնումին: Ակնառու օրինակ՝ Հրաչյա Քոչար փողոցը»։ «Պարոն  Մարգարյան Առինջից դեպի Շրջանային գնացող երթուղի ե՞րբ եք բացելու։ Արդեն 3 տարուց ավելի է Առինջի ուսանողները միջնորդավորված լուծումներ են փնտրում համալսարան հասնելու համար, 5 րոպեի ճանապարհը 40-60 րոպեում են անցնում»։ «Խնդրում ենք թեժ գծի համարները պահել 010-ով, որ հավելավճար չանենք, քաղաքացիների անվճարունակ գրպանին եք կպնում»։ «Պարոն քաղաքապետ Քանաքեռ  Զեյթուն համայնքի Դրոյի 14/2 և հարակից շենքերի երեխաների համար խնդրում եմ կառուցել խաղահրապարակ: Երեխաները խաղում են փոշու և ավազի մեջ»: