Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Զ. Փոստանջյան. «Գագիկ Ջհանգիրյանը պետք է հարցաքննվի» (տեսանյութ)

Քաղաքականություն
zaruhi

Եվրադատարանը, 13 տարի առաջ  Մատաղիսում սպանության համար մեղադրված, ապա   արդարացված երեք նախկին զինծառայողների գործով   վճիռ է հրապարակել։  Հայաստանի կառավարությունը  Արայիկ Զալյանին  պետք է վճարի 20000 եվրո, իսկ մյուս երկու դիմումատուներին՝ Ռազմիկ Սարգսյանին եւ  Մուսա Սերոբյանին 15000 եվրո որպես բարոյական փոխհատուցում։ «Բարոյական, լիարժեք պատասխանատվությունը կլիներ այն պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելը, ում պատճառով մենք այդքան տուժել ենք»,- «Ա1+»-ին ասաց Արայիկ Զալյանը: Երեք  զինծառայողները  Եվրադատարան էին դիմել՝  պնդելով, որ իրենք ռազմական ղեկավարության կողմից այնպիսի  խոշտանգումների ու ճնշումների էին ենթարկվել, որ Ռազմիկ Սարգսյանը ստիպված է եղել սուտ ցուցմունք տալ, թե իրենք  են սպանել երկու ծառայակիցներին: «Ունենք ճանապարհային ոստիկանության պետ՝ Արմեն Հակոբյան, ով կոնկրետ Մատաղիսի գործով եղել է խոշտանգողներից մեկը: Ունենք նաեւ այլ պաշտոնատար անձինք, ովքեր իրենց արատավոր ներդրումն ունեն այս  գործի մեջ:  Այս գործով  նմանատիպ ընթացքը եւ այսօրվա նման փոխհատուցման վճիռը զուտ նրանց անօրինական գործողությունների հետեւանք է»,- ասաց Արայիկ Զալյանը: Ապացույցների անբավարարության պատճառով  Եվրադատարանը  խոշտանգման ու անմարդկային վերաբերմունքի մասով խախտում չի հայտնաբերել, բայց  արձանագրել է, որ արդյունավետ  քննություն չի իրականացվել  դիմումատուների՝  խոշտանգումների ենթարկվելու  վերաբերյալ  բողոքից հետո։  Դատարանը  գտել է նաև, որ խախտվել է Արայիկ Զալյանի՝ ազատության և անձեռնմխելիության իրավունքը:   Մատաղիսի գործով դիմումատուներին ժամանակին  ներպետական դատական  ատյաններում  պաշտպանել է պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Հիմք է ծառայում, որպեսզի այն մարդիկ, ովքեր գործել են ապօրինություններ նրանց նկատմամբ՝ սկսվի համապատասխան դատավարական գործընթաց:   Մենք միասնական ենք հաղթել»: Պատգամավորը կարծում է՝ պայքարը դեռ չի ավարտվել, եւ  հանգուցալուծումը կլինի միայն  այն ժամանակ, երբ բոլոր պատասխանատուները պատասխանատվության ենթարկվեն:  « Կոնկրետ այս գործով Գագիկ Ջհանգիրյանը իր հսկայածավալ մեղքի բաժինն ունի կոծկելու պարագայում եւ նա պետք է հարցաքննվի եւ հարցաքննվելու պարագայում մենք պետք է իմանանք՝ ով էր նրան այդ ցուցումը տալիս, որ անմեղ մարդկանց մեղադրի եւ կոծկի իրական սպանություն կատարողներին»,- ասաց նա: Ի դեպ. 2012թ-ին,  երբ Մատաղիսի գործով երեք զինծառայողներն արդարացվեցին,   սպանության գործն ուղարկվեց առանձին քննության, բայց առ այսօր  գործը մնում է չբացահայտված։