«Բանանցի» եւ «Ալաշկերտի» ֆուտբոլիստները որակազրկվել են 4 խաղով
Երեւանի «Բանանցի» ֆուտբոլիստ Կլաուդիո Ֆերմին Տորեջոնը եւ «Ալաշկերտի» խաղացող Խորեն Վերանյանը բաց կթողեն իրենց թիմի առաջիկա չորս հանդիպումները: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեն վերը նշված ֆուտբոլիստներին պատժել է վերջերս երկու թիմերի միջեւ կայացած գավաթային խաղում միմյանց հանդեպ բռնարարք կիրառելու համար: Սույն ակումբները տուգանվել են 150 հազարական դրամով: «Ալաշկերտի» ֆուտբոլիստ Գագիկ Պողոսյանն որակազրկվել է մեկ հանդիպումով՝ նույն խաղում երկու դեղին քարտ ստանալու համար: Ի դեպ, Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը խիստ նկատողության է արժանացել կարգապահական կոմիտեի կողմից՝ ֆուտզալի առաջնության «Գյումրի» - «Չարբախ» խաղում անվայել պահվածքի համար (նա միաժամանակ մարզում է երեւանյան թիմը): Իսկ ահա նրա օգնական Վաղարշակ Շահնազարյանը եւ թիմի ֆուտբոլիստ Վահե Պետրոսյանը նույնպիսի պահվածքի համար որակազրկվել են 2-ական խաղով: Այդ խաղի պատճառով «Կոխ» ազգային մարզաձեւի զարգացման բարեգործական հիմնադրամը տուգանվել է 30 հազար դրամով: