Ֆրանսիայի համը՝ հայկական ռեստորաններում (տեսանյութ)
Երկրորդ տարին անընդմեջ Հայաստանում իրականացվում է «Ֆրանսիայի համը» խորագրով նախաձեռնությունը, որի նպատակն է հայ հասարակությանը ներկայացնել ֆրանսիական խոհանոցի առանձնահատկությունները: Միջոցառումը անցկացվելու է մարտի 21-ից 27-ը, որին մասնակցելու է 6 ռեստորան Երևանից և մեկը Գյումրիից: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան -Ֆրանսուա Շարպանտիեն այս առիթով նշեց. «Այդ շաբաթվա ընթացքում այս միջոցառմանը մասնակցող բոլոր ռեստորանները իրենց հաճախորդներին կառաջարկեն ֆրանսիական խոհանոցային ավանդույթներին համապատասխան կերակրատեսակներ: Խոհարարությունը ճիշտ այնպես, ինչպես լեզուների փոխանակման մշակույթը՝ միտված է միմյանց հետ փոխազդեցության մեջ մտնել և մեկը մյուսից ընդօրինակել: Սա նոր համ ու հոտ բացահայտելու, ընտանեկան միջավայրում, ընկերների և հարազատների հետ հաճելի ժամանակ անցկացնելու եզակի հնարավորություն է»: Նախաձեռնության շրջանակներում՝ մարտի 22-ին, նախատեսված է նաև ֆրանսիական ֆիլմի ցուցադրություն: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության խոհարար Նիկոլա Նատալինին էլ իր հերթին «Ա1+»-ի հետ զրույցում նկատեց, թե որքանով է կարևոր հայ խոհարարների մասնակցությունը նման միջոցառմանը. «Նրանք են վերջիվերջո ներկայացնում ֆրանսիական գաստրոնոմիան Հայաստանում: Մենք նրանց խնդրել ենք, որ ներկայացնեն ֆրանսիական բաղադրատոմսերի տեխնիկաները, բայց չենք ուզում, որ մաքուր ֆրանսիական բաղադրատոմս ներկայացնեն, այլ ուզում ենք, որ խառնեն նաև հայկական համերն ու մթերքները: Ես, օրինակ, այդպես եմ դեսպանատանը աշխատում, ոչ մի բան Ֆրանսիայից չեմ ներմուծում, այլ օգտագործում եմ հայկական մթերքները և ֆրանսիական ձևով եմ դրանք պատրաստում: Իմ կարծիքով՝ դա կարևոր է, որ հայ խոհարարները ցույց տան, թե ինչ են կարողանում ստանալ հայկական մթերքներով»,-ասաց նա: Խոսելով նաև հայկական խոհանոցի առանձնահատկությունների մասին՝ ֆրանսիացի խոհարարի կարծիք հայտեց,որ հայկական խոհանոցում գերակշռում են տարբեր տեսակի կանաչիները: «Օրինակ մեզ մոտ դա մենք չենք օգտագործում: Ցավոք սրտի, հայկական խոհանոցը մի քիչ դեռ սահմանափակված է, քանի որ մթերքի տեսականին այսօրվա դրությամբ մի փոքր քիչ է, բայց դա , իհարկե, կշտկվի: Հայկական խոհանոցը շատ հետաքրքրիր է: Ինչպես ասում է դեսպանը, պետք է գնալ գյուղ և փորձել տատիկի պատրաստած բաղադրատոմսերը»,-նկատեց Նիկոլա Նատալինին: