Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուժով, թե կամովին` միեւնույն է, գնալու եք» (տեսանյութ)

Քաղաքականություն
bagratyan

ԱԺ-ում այսօր ՏՄՊՊՀ 2015թ. ծրագրի կատարողականի քննարկմանը ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ երկիրը ոտքի հանելու 3 առաջնային տարբերակ կա. «Անցնել արտակարգ տնտեսման ռեժիմի, ապահովել հավասար, իրականում մրցակցային, գոնե մեկնարկային պայմաններ՝ ստեղծարար, գործարար աշխատանքով զբաղվելու համար եւ, վերջապես, վերացնել երկիրը քրքրող մենաշնորհները»: Բենզինի գների ծագումնաբանությունը հասկանալու համար պարոն Ուրիխանյանն, իր իսկ խոսքերով, ստիպված սկսել է բնափիլիսոփայական մի ուղղություն՝ ալքիմիա ուսումնասիրել՝ հասկանալու համար՝ ի՞նչն է գաղտնի կամ ուսումնասիրված չէ. «Այս հարցադրումն անում եմ, քանի որ առկա իրավիճակը արդարացնում եք»: Իսկ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն իր ելույթում անդրադարձավ իրեն ուղղված քննադատությանը, երբ արտահայտվել էր Սահմանադրության մասին. «Միգուցե կոպիտ արտահայտվեցի Սահմանադրության մասին, սակայն ցանկացել էի հումոր անել»: Անդրադառնալով ՏՄՊՊՀ 2015թ. տարեկան կատարողականի ծրագրին՝ նա կրկին բարկացավ. «Էս զահրումառը, ի վերջո, պետք է ի գիտություն ընդունենք, գոնե մեջը մի աղյուսակ գրի...Բա, դինամիկաները չտեսնե՞նք: Ես անկեղծ եմ ասում, այն տարի էլ եմ ասել՝ եկեք մեզ մոտ, տեսեք՝ երեխեքն ինչ կուրսայիններ ու պրեզենտացիաներ են տալիս՝ սլայդներով, էլ չեմ խոսում ՝ առավել բարդ դինամիկ մոդելներով»: Հրանտ Բագրատյանին չեն բավարարել նաեւ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի պատճառաբանությունները բենզինի գների վերաբերյալ. «Ավելի ճիշտ կլիներ, եթե ասեիք, որ «Ռոսնեւթ»-ի հետ, որի հետեւում էլ, ըստ էության, մեր իշխանություններն են, ունեք պայմանագիր, որտեղ չկա կետ, որ հաշվի է առնվելու միջազգային գների տատանումը: Արդյունքում ընկերությունը ստանում է մոնոպոլ շահույթ»: Նա հայտարարեց, որ իր վարչապետության տարիներին անհամեմատ ավելի լավ էր թե տնտեսապես, թե քաղաքականապես. «Պատերազմն էլ հաղթեցինք, տվեցինք ձեզ: Արյունահեղություն չարեցինք, նորմալ թողեցինք, գնացինք իշխանությունից: Մի օր դուք էլ կգնաք՝ ուժով, թե կամովին, միեւնույնն է՝ գնալու եք»: