«Պատվավոր հաճախորդ ու տվայտվող». հիթ-շքերթ՝ ըստ Շարմազանովի (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր ՏՄՊՊՀ 2015թ. ծրագրի կատարողականի քննարկմանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը իր ելույթում անդրադարձավ մինչ այդ պահը հնչած պատգամավորների ելույթներին. «Սեփական ճշմարտացիությունը ապացուցելու համար պետք չէ ուրիշի վրա ցեխ շպրտել: Դա միգուցե ստվեր է նետում քո ասածի լրջության վրա»: Խոսելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին, որտեղ նա պատվավոր ճակնդեղագործի կոչում էր տվել Սերժ Սարգսյանին ու Սամվել Ալեքսանյանին, պարոն Շարմազանովն ասաց. «Պատվավոր կոչումներից, որ խոսենք, այնքան պատվավոր հիթ-շքերթներ կարող ենք ստեղծել՝ պատվավոր հաճախորդ, պատվավոր բանջարագործ, պատվավոր տվայտվող, պատվավոր քամի տատանող: Չի կարելի, սրանից պետք է զերծ մնանք ու իրար հարգենք»: Այնուհետեւ, նա անդրադարձավ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի աշխատաոճին՝ ասելով. «Եկեք օբյեկտիվ լինենք, ՏՄՊՊՀ-ն, որքան գիտեմ, ունի 25-30 անձից բաղկացած աշխատակազմ ու նրան ծանրաբեռնել այսքան գործով, անհնարին է: Նրա ղեկավարած հանձնաժողովի վրա դնում ենք գործառույթներ, որոնք նա չունի: Այսինքն, ասում ենք բաներ, որոնք Շաբոյանը մեծ ցանկության դեպքում չի կարող անել՝ գները թանկանում են, Շաբոյանն է մեղավոր, մոնոպոլ դիրք կա, Շաբոյանն է մեղավոր: Չի կարելի. միայն նրա համար, որ մեր սիրելի քաղաքացիներին ականջահաճո հայտարարություններ անելու համար, ամեն ինչ գցել Շաբոյանի վրա»: Նա հայտարարեց, որ ինքը տնտեսագետ չէ ու բենզինի շուկայի գնումների մասնագետ. «Սակայն որքանով ինձ հայտնի է՝ որպես քաղաքացի, բենզինը 100 դրամից ավելի անցած տարվա համեմատ իջել է»: