Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ս. Սարգսյանին եւ Ս. Ալեքսանյանին՝ պատվավոր ճակնդեղագործի կոչում» (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol

ԱԺ-ում այսօր ՏՄՊՊՀ 2015թ. տարեկան ծրագրի քննարկմանը ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում խոսեց շաքարավազի շուկայի մասին: Նա անդրադարձավ ՀՀԿ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող Ախուրյանի շաքարավազի գործարանին. «Հիմա ուզում ենք հասկանալ՝ դա գործարան է, թե բուտաֆորիա՝ մի դռնով շաքարավազ է մտնում, մյուս կողմից՝ պատրաստի արտադրանք հանում»: Այնուհետեւ, Հրանտ Բագրատյանը հիշեցրեց, որ ՀՀ-ում գործում է ճակնդեղագործությունը, շաքարի արտադրությունը խթանելու հայեցակարգ, այդ մասին գրված է նաեւ Սերժ Սարգսյանի կայքում, որը նաեւ գնացել էր Ախուրյանի շաքարի գործարանի բացմանը; «Սակայն մինչ օրս գործարանը սպասում է ճակնդեղի բերքին, իսկ ճակնդեղի բերքը դաշտերում՝ գործարանին: Գյուղատնտեսության նախարարությունից պաշտոնական գրություն եմ ստացել այն մասին, որ ոչ մի կգ շաքարի ճակնդեղ չի մթերվել: Սա ինչ է, եթե ոչ բուտաֆորիա»: Նիկոլ Փաշինյանը Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանից էլ ի պատասխան  պատգամավորի հարցերի՝ պաշտոնական գրություն է ստացել Ախուրյանի գործարանի աշխատողների մասին. «Պարզվում է՝ նման իրավաբանական անձ գոյություն չունի, կա «Ալեքոսգրուպ» ընկերություն, եւ աշխատողների թիվն ընդհանուր է ներկայացված: Իսկական աջաբսանդալ են սարքել, որ միկրոսկոպով չկարողանաս տարբերել՝ լոբին որտեղ է, բադրջանը՝ որտեղ»: Ըստ նրա՝ այս պատմության տխուր մասն այն է, որ ճակնդեղագործության հայեցակարգը որեւէ արդյունք չի տվել մինչ օրս. «Սակայն պետք չէ հուսահատվել, տիկնայք եւ պարոնայք, քանի որ ՀՀ-ում կան ճակնդեղագործության այնպիսի նվիրյալներ, ինչպիսիք են Սամվել Ալեքսանյանը: Այդ առումով Սերժ Սարգսյանին եւ Սամվել Ալեքսանյանին կարելի է տալ պատվավոր ճակնդեղագործի կոչում»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կոչ արեց սարկազմի դաշտ չմտնել: