«Պուտինը չի ցանկանում ԱՄՆ-ի հետ հարաբերությունները լարել» (տեսանյութ)
Արևելագետ Հայկ Քոչարյանը կարծում է, որ Ռուսաստանն ինքնուրույն որոշում չի կայացրել զորքերը Սիրիայից դուրս բերելու հարցում. «Այնպես չի, որ մի օր որոշեց և դուրս եկավ։ Սա բոլորի հետ համաձայնեցված գործողություն էր, այսինքն, նախապես քննարկվել է մեծ տերությունների հետ»,-նշեց նա։ Սիրիայից զորքերի դուրսբերման հայտարարությունն, ըստ նրա, տրամադրություններ է փոխում ամբողջ աշխարհում։ Փոխվում են խաղաքարտերը և Սիրիայի հարցը դառնում է լատենտ կոնֆլիկտ։ «Այսինքն, ժամանակ առ ժամանակ կակտիվանա այդ կոնֆլիկտը, հետո կմարի»։ Կա նաև Միացյալ նահանգների հետ հարաբերությունների հարցը. «Ունենք Պուտինի կողմից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները պահպանելու, չլարելու գործոնը»,-շեշտեց պարոն Քոչարյանը։ Արաբագետ Սարգիս Գրիգորյանն իր հերթին նշեց, որ Ռուսաստանի ավիահարվածները փոխեցին իրադրությունը Սիրիայում։ «Սակայն ահաբեկչությունը որպես այդպիսին այնտեղ դեռևս արմատախիլ արված չի»,-ընդգծեց նա։ Սակայն Ռուսաստանը մասնակիորեն է դուրս բերում ուժերը. ռազմաբազաները դեռևս մնում են։ Ինչո՞ւ Ռուսաստանը գնաց այս քայլին, պարոն Գրիգորյանը նշեց. «Կարծում եմ՝ հաջորդ քայլը պետք է ցամաքային լայնամասշտաբ գործողությունները լինեին։ Իսկ գերտերությունները պատրաստ չեն Սիրիայում նման գործողությունների։ Եվ պարզ էր, որ նման ծախսեր պահանջող գործողությունները պետք էր որոշակի չափով քչացնել։ Եվ ռուսական կողմը դա հասկացավ։ Իմ կարծիքով, կառավարական ուժերն ավելի լայն հնարավորություններ ունեին առաջխաղացում արձանագրելու, բայց դա տեղի չունեցավ»։ Մյուս կողմից, ըստ նրա՝ սա նաև թույլ է տալիս Ժնևյան բանակցային գործընթացում կողմերին լրացուցիչ հնարավորություններ տալու՝ ամրապնդելու իրենց դիրքորոշումները։