Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընդդիմադիրներն ու քաղհասարակությունը կգործեն միասին (տեսանյութ)

Քաղաքականություն
manuki

Ընդդիմադիր քաղաքական ուժերն ու հասարակական կազմակերպությունները  ներկայացնում են այն դրույթները, որոնց դեպքում միայն իրենց համար անընդունելի կլինի ընտրական նոր օրենսգիրքը. «Ցուցակների հրապարակել, ցուցակների մաքրել, նկարահանել, ռեյտինգայինի հանելը և մատների թանաքոտում»։ ՀԱԿ ներկայացուցիչը  բացատրում է, թե ինչու պետք է ընտրողաբար ներկայացնել առաջարկները։ «Որպեսզի իշխանության թակարդը չընկնենք, մենք չպետք է 300 առաջարկ ներկայացնենք, 300-ից 290-ն ինքը ընդունի, 10-ը չընդունի և աշխարհին ներկայացնի, թե տեսեք՝ ընդունել ենք»։ Սահմանադրական հանրաքվեից հետո իշխանությունները պարտավորվել էին ընտրական օրենսգիրքը կազմելիս ներառել  ընդդիմադիրների առաջարկները, սակայն այլընտրանքային ոչ մի գաղափար հաշվի չի առնվել։ «Մեր պետությունը ձախողել է ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ի հանձնարարականն այն մասին, որ ընտրական օրենսդրության փոփոխությունները պետք է լինեն ներառական»,- ասում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը։ Իշխանությունները չեն  կատարել  նոր Սահմանադրության ընդունման ժամանակ տված ևս մեկ խոստում՝ ընտրական նոր օրենսգրքով ապահովել ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու մեխանիզմներ։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշում է. «Ինչպես անել, որպեսզի հնարավորինս քիչ լինեն խախտումների արձանագրման հնարավորությունները՝ ապահովելու համար կայուն քաղաքական մեծամասնության ձևավորումը, սա է ընտրական օրենսգրքի ողջ տրամաբանությունը»։ Ըստ  «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության հրավիրած քննարկման մասնակիցների՝  ընտրացուցակների հրապարակումը անձնական տվյալների գաղտնիության խախտում չէ։ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը նշում է. «100 անգամ հարցվել է՝ չէ, քվեարկությունն է գաղտնի, մեր բոլորի անձնական տվյալները մինչև ընտրությունը հրապարակում եք, հասցե, անձնագրի տվյալները հրապարակում եք, ի՞նչ գաղտնիք պահելու մասին եք խոսում»։ Քննարկմանը ներկա իշխանական միակ ներկայացուցիչը ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանն էր, որը  քննադատությունները  լսելուց հետո  ողջունեց դրանք որպես մեկ փաթեթ   ներկայացնելը։ «Ես չեմ ասում, որ բոլոր այն հարցերը, որ առաջարկվեց, դրանք բոլորը լուծվելու են, բայց քննարկելու համար ոչ թե 60 հարց լինի, ամեն սենգմենտի կողմից 10-15 հարց, լավ կլինի դրանք սեղմված լինեն»։ Առաջիկա երկու օրերին  «ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներ կանցկացվեն նաև  Գյումրիում և Վանաձորում: