Վրաստանի սեքս սկանդալի հետքերով. 2 մարդ ձերբակալվել է
Վրաստանում երկու տղամարդու մեղադրանք է առաջադրվել անօրինական տեսանկարահանման համար, որը կապված է «Մեր Վրաստանը. Ազատ դեմոկրատներ» կուսակցության գործիչների սեքս-սկանդալի հետ: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Մի քանի շաբաթ առաջ համացանցում հայտնվել է մի հոլովակ, որտեղ տվյալ կուսակցության կին ներկայացուցիչներից մեկը սիրով է զբաղվում իր սիրեկանի հետ, իսկ մի քանի օր անց էլ եւս մեկ հոլովակ է ներբեռնվել, որտեղ արդեն սպառնալիքներ էին հնչում, թե նոր սեքս-հոլովակներ են հրապարակելու: Այս տեսանյութերը պատճառ են դարձել, որպեսզի Վրաստանում մոտ երկու ժամով արգելափակվեր YouTube-ը: Վրաստանի Մեդիայի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Խորբալաձեն Media.am-ի հետ զրույցում ասել է, որ լրագրողական հանրությունը մտահոգություն է հայտնում, որ իշխանությունները նման տեսանյութեր տարածելու պատրվակով կարող են սահմանափակել ինֆորմացիայի հասանելիությունը, ինչը ավելի վտանգավոր հետեւանք կարող է ունենալ Վրաստանում ժողովրդավարության զարգացման համար, քան տեսանյութերի հրապարակումը: Ի դեպ, ձերբակալված անձիք չեն ընդունել իրենց մեղքը: Այս մասին կարող եք տեղեկանալ այստեղ և այստեղ