«Քաղաքը բնակարան է, որը դարձնում ենք ննջարանային» (տեսանյութ)
Արդյո՞ք տրամաբանական է մայրաքաղաք Երևանի դեպքում խոսել կայուն զարգացման մասին, երբ հատկապես վերջին շրջանում քանդվում են պատմություն ունեցող մի շարք շենքեր։ «Կայուն զարգացումն այն է, որ հարգում ենք ապագան, լուծում ենք այսօրվա խնդիրները և չենք փակում ապագայի ճանապարհը, այսինքն՝ գնում է կայուն զարգացում։ Երբ սա կատարվում է թռիչքային ձևով, ամեն անգամ առաջ են գալիս խոչընդոտներ»,-կարծում է ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը։ Նա շեշտում է, որ հարկավոր է քաղաքի համար կայուն զարգացման ծրագիր մշակել։ «Օրվա խնդիրը չպետք է օրվա ձևով լուծել՝ առանց ուսումնասիրությունների։ Առանց ելակետային տվյալների որոշում կայացնելը կբերի սխալ լուծումների»,-շեշտեց պարոն Մուշեղյանը։ Արդյո՞ք ճարտարապետը դեմ է հին շենքերի քանդմանը. «Անշուշտ։ Նույն Ռուսաստանում ժամանակին կատարվեց շենքերի տեղափոխում։ Կան տեխնոլոգիաներ, այսինքն, եթե ցանկություն կա, լուծումը կլինի։ Խոսքը վերաբերում է նրան՝ դու ցանկություն ունե՞ս այդ խնդիրը լուծելու, թե ոչ, թե ուզում ես անտեսել և լուծել այնպես, ինչպես դու ես ուզում»։ Հարցին, թե հիմա մեզ մոտ ո՞ր տարբերակն է, պարոն Մուշեղյանը նշեց. «Մեզ մոտ դեռ իշխում է անհատի ցանկությունը, կարծիքը, որովհետև անհատը ֆինանսավորում է, իր ճաշակն է առաջ քաշում՝ առանց հաշվի առնելու շատ խնդիրներ։ Դրա վառ օրինակն այն է, որ քաղաքի կենտրոնը, եթե մենք քաղաքը համեմատում ենք բնակարանի հետ, ընդհանուր սենյակն է, որտեղ պետք է հավաքվեն բոլոր բնակիչները, որպեսզի կայանա ընտանիք կամ քաղաքացի։ Եթե այն դարձնում ենք ննջարանային, արդեն անհարմարություն է և՛ որպես ննջարան քնելու համար, և՛ որպես ընդհանուր սենյակ, որ հավաքվեն»։ Ճարտարապետի կարծիքով՝ կարելի է ընդառաջել բիզնեսմեններին՝ նոր շենքեր կառուցելու հարցում, բայց նրանց առջև պետք է դրվեն հստակ խնդիրներ։ Բացի այդ, այդ բոլոր գործընթացները պետք է բաց լինեն, և հանրությունը կարողանա մասնակցել։ Իսկ որքանո՞վ են սեյսմակայուն նորակառույցները. «Երևանը 7 բալային գոտի է եղել, իսկ այսօր 9 է, իսկ մեր հին շենքերի մեծ մասը 7 բալանոց գոտում են։ Եթե լինի ավելի ուժեղ երկրաշարժ, պարզ է, որ դրանք բոլորը վտանգի առջև են։ Այն ժամանակ Գյումրիում եղավ երկրաշարժ, Երևանը որպես պահուստային, պահպանող տարածք եղավ, իսկ եթե Երևանն էլ այդ վիճակի մեջ հայտնվի, չեմ հասկանում, թե ինչ կկատարվի Հայաստանի հետ...»։