Շաբոյանը չի կարող ասել՝ ինչպես է ձևավորվում բենզինի գինը (տեսանյութ)
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ՏՄՊՊՀ նախագահից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է բենզինը Վրաստանում ավելի մատչելի, քան մեզ մոտ։ «Հայաստանում հայտնվել է մի սուբյեկտ՝ Ռոսնեֆտ Արմենիա ընկերությունը, որը 2015-ի ընթացքում 15 մլրդ դրամի շահույթ է ունեցել։ Հասկանալի չէ, թե ինչ է անում այդ ընկերությունը։ Մամուլում նշվում է, որ Ռոսնեֆտ ընկերությունից այն բենզինը վերցնում և վաճառում է, ուրիշ բան չի անում, բայց ստանում է 15 մլրդ դրամ շահույթ»,-շեշտեց պարոն Փաշինյանը։ «Հանձնաժողովի ուսումնասիրություններով՝ 2014-ի տարեսկզբից, երբ ամբողջ աշխարհում սկսվեց գների նվազում, Հայաստանում բենզինի գները մեծ չափով նվազել են։ Երեք ընկերություններից է ներկրում իրականացվում, երկու ռուսական և մեկ բուլղարական։ Ինչ վերաբերում է Վրաստանի հետ համեմատությանը, երեք հիմնական գործոն կա։ Դրանցից մեկը տրանսպորտի խնդիրն է»,-ասաց ՏՄՊՊՀ նախագահը։ «Սահմանին Վրաստանը վճարում է մաքսատուրք, Հայաստանը չի վճարում, Վրաստանը Ռուսաստանից Վրաստան մտցնելու համար վճարում է մաքսատուրք, Հայաստանը չի վճարում։ Ստացվում է, որ Հայաստանի դեպքում ունենք զրո ծախս, բայց մեզ մոտ 50 տոկոսով թանկ է, քան Վրաստանում։ Այսօր Նոյեմբերյանից մարդիկ գնում են Վրաստան՝ բենզին լցնելու»,-հակադարձեց պատգամավորը։ Պարոն Շաբոյանը նշեց. «Չեմ կարող մեկնաբանել տնտեսվարողների բիզնես-որոշումները»։