ՏՄՊՊՀ-ն ընկել է ՏՏ ոլորտի հետևի՞ց (տեսանյութ)
Այսօր Ազգային ժողովում ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրեց հանձնաժողովի այս տարվա գործունեության ծրագիրը։ «Ոչ բոլոր ընկերություններն են, որ կարող են առանց վախենալու ինչ-որ մոնոպոլ ընկերության, անհատ գործարարի դեմ դիմում ներկայացնել ՏՄՊՊՀ։ Ձեր դերը նրանում է, որ մշտադիտարկման արդյունքում դրանք հայտնաբերեք։ «Վեգա» ցանցի հետ կապված ես դիմել էի, վարույթը հարուցված է, եղել է նիստ, տուգանվե՞լ են»,-հետաքրքրվեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ «Տեղեկացնեմ, որ հանձնաժողովն ուսումնասիրություն սկսել էր իրականացնել «Վեգա»-ում՝ մինչև ձեր դիմելը։ Առաջիկա օրերին նիստ ենք գումարելու և որոշում կայացնելու։ Այո, հանձնաժողովը գտնում է, որ իրավական խախտման երևույթներ կան»,-պատասխանեց ՏՄՊՊՀ նախագահը։ Հիշեցնենք, խոսքը տվյալ խանութի անբարեխիղճ գովազդի մասին է, որի մասին ահազանգել էր պատգամավորը։ Պարոն Մարուքյանին նաև հետարքրում էր, թե «Հայկական ծրագրեր» ընկերությունում ինչո՞ւ են հետևողական ստուգումներ իրականացվել. «Տպավորությունն այնպիսին է, որ ՏՄՊՊՀ-ն IT ոլորտի ետևից է ընկել, բայց թողել է խոշոր, մեծ օլիգարխներին, մոնոպոլիստներին»,-շեշտեց նա։ Պարոն Շաբոյանն ասաց, որ «Հայկական ծրագրեր» ընկերությունն իր ծառայությունների գները բարձրացրել է, սակայն նրանց դիրքի չարաշահման վերաբերյալ հանձնաժողովը դատողություն չի արել։ «Մեկ անգամ դիմել ենք՝ գների բարձրացման հիմնավորումը ստանալու համար։ Երկրորդ անգամ, երբ դիմեցինք, մեզ տեղեկատվություն չտրամադրեցին, որից հետո մենք վարույթ հարուցեցինք»։ Պատգամավորը խոսեց նաև քաղաքացիների բողոքների մասին առ այն, որ թանկանոց դեղեր գնելու համար երբեմն հորդորում են գնալ Թբիլիսի, քանի որ այնտեղ ավելի մատչելի է։ «Առաջին անգամ եմ լսում, որ դեղերի մասով գների տարբերություն կա Հայաստանի և Վրաստանի դեղատներում։ Մենք հետևողական կլինենք այս հարցում»,-նշեց ՏՄՊՊՀ ղեկավարը։