Վերադարձ՝ դեպի ոչ սերիալ նայող ժողովուրդը (տեսանյութ)
Հայաստանի անկախության 25-ամյա հոբելյանի առիթով այս տարի կանցկացվի Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմերի մրցանակաբաշխություն: Մրցանակաբաշխության գումարը՝ 7 մլն դրամը, տրամադրելու է Ռուսաստանի հայերի միությունը: Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը կարեւորում է նման մրցանակաբաշխությունների անցկացումը՝ միաժամանակ չմոռանալով խնդիրների մասին: Նրա խոսքերով՝ խաղարկային ֆիլմերը չեն արտահայտել մեր 25 տարվա անցկացրած ժամանակը: «Շատ կուզենանք, որ խաղարկային կինոն վերադառնա դեպի ժողովուրդը, դեպի ոչ սերիալ նայող ժողովուրդը: Հիմա փառք աստծո նկարահանվում են բազմաթիվ ֆիլմեր: Այդ ֆիլմերը դուր են գալիս, բայց դրանք ֆիլմեր են, կինո չէ, ֆիլմ է, որ դու նայում ես, ծիծաղում ես, ուրախանում ես, դուրս ես գալիս, շամպայն ես խմում, պաղպաղակ ես ուտում եւ մոռանում ես: Նախ եւ առաջ կինոն դրամատուրգիա է, միշտ հայկական կինոն կաղացել է դրամատուրգիայից: Հիմա մենք այնքան դարդ ու ցավ ունենք, հաղթանակներ եւ պարտություններ ունենք եւ այնքան պրոբլեմատիկ մարդիկ ունենք, նրանց մասին պետք է գրել»,- այսօր լրագրողների հետ հանդիման ժամանակ նշեց Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահը: Նա հիշեցրեց, որ մասնակիցը պետք է լինի միության անդամ եւ մինչեւ օգոստոս ամիսը պետք է ներկայացնեն ֆիլմերը: Միությունը երկրորդ անգամն է մասնակցում այս մրցանակաբաշխությանը: Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանն էլ տեղեկացրեց, որ մրցույթը պատրաստի ֆիլմերի միջեւ է լինելու, ոչ թե սցենարի համար են գումար տրամադրելու: Նրա խոսքերով՝ մրցանակաբաշխության նպատակն է մարտահրավերներին դիմակայելու գործում բարձրացնել գիտության, արվեստի, գրականության դերն ու նշանակությունը, նպաստել գիտական եւ ստեղծագործական մտավորականության գործունեության բարելավմանը եւ նպաստել հանրապետության մտավոր կյանքի աշխուժացմանը: «Մտավոր հարստությունը անփոխարինելի բան է մեզ համար, ոչ նավթ ունենք, ոչ գազ ունենք: Մենք մտածում ենք մտավոր հարստության մասին, որը մեր երկիրը ճանաչելի դարձնի»,- նշեց նա: Ի դեպ, այս տարվա մրցանակաբաշխության թեման «Համազգային միասնությունը հավաքական ուժի եւ հզորության գրավական» անունն է կրելու: